Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ «կողմերի վրա ճնշում է գործադրվել»


Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հելսինկիում ստորագրված համատեղ հայտարարությամբ բանակցող կողմերից «կրկին որոշակի պարտավորություններ են կորզվել», ինչպես նաեւ` «ճնշում է գործադրվել Ադրբեջանի եւ Հայաստանի վրա»:

Ըստ Սաֆարյանի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների` Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի համատեղ հայտարարությունից «պարզ երեւում է ճնշման փաստը»:

Հայտարարությունը, հիշեցնենք, կոչ է անում կողմերին առաջիկա ամիսներին վերջնական պայմանավորվածության հանգել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

«Վերստին հավանություն է կորզվել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որոնք դրված են երկու կողմերի սեղանին, եւ համաձայնություն է կորզվել` շուտափույթ ստորագրելու այդ համաձայնագիրը: Ըստ որում, չունենալով համաձայնեցում պայմանագրի դետալների եւ մեխանիզմների հարցում, շտապողականություն է դրսեւորվում եւ ճնշում է գործադրվում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա` ստորագրելու առաջիկա ամիսներին սկզբունքների մասին համաձայնագիրը: Մենք կարծում ենք, որ սա անթույլատրելի է, հատկապես երբ որեւէ կոնկրետ քայլ չարվեց Լեռնային Ղարաբաղին բանակցության ուղղակի կողմ սարքելու համար»:

Սաֆարյանի ձեւակերպմամբ` Հայաստանի իշխանությունները «իրականում գնում են ոչ թե փոխզիջումների, այլ միակողմանի զիջումների». - «Որովհետեւ ամեն ինչ զիջվում է միայն նրա համար, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ինչ-որ անորոշ ժամանակ անց ինչ-որ անորոշ պայմաններում հանրաքվեանման ինչ-որ մի բան կազմակերպի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, որը դեռեւս չենք կարող պնդել, թե տանելու է անկախացման»:

Հայ հեղափոխական դաշնակցությունը, մինչդեռ, որեւէ մտահոգիչ փաստ չի տեսնում երեկ հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Հրայր Կարապետյանի կարծիքով, Հելսինկիում երեկ ստորագրված հայտարարությունը որեւէ արտառոց դրույթ չի պարունակում, այլ ընդամենը ամրագրում է անցած ամիս Մոսկվայում ստորագրված հռչակագիրը:

Կարապետյանի խոսքով, ստորագրված համատեղ հայտարարությունը «բանակցային գործընթացի շարունակման եւս մի հավաստիք է»:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ներկայացնելով իր կուսակցության դիրքորոշումը, դրական գնահատեց երեկ Հելսինկիում ստորագրված փաստաթուղթը:

«Մեզ համար կարեւորը այն է, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը պահպանվում է, պահպանվում է նաեւ այն սկզբունքը, որը խոսում է նրա մասին, որ պետք է բացառել ռազմական լուծումը», - ասաց Շարմազանովը` շարունակելով. - «Եվ կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ գնում է հայկական դիվանագիտության տրամաբանության ներքո... Ինչպես նախագահ Սարգսյանն է ասել` մեր խնդիրը պետք է լինի համոզել մեր հարեւան ադրբեջանցիներին, որպեսզի նրանք գիտակցեն, որ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում հնարավոր չէ»:

Համատեղ հայտարարությանը այսօր արձագանքել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը: Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է հակամարտության կարգավորման գործընթացի խորացման մասին, որը վերջնական արդյունքում հանգեցնելու է համաձայնագրի ստորագրմանը». - «Սրանով միջազգային հանրությունը ցույց է տալիս տրամադրվածություն, պատրաստականություն եւ առավել ակտիվություն հարցը կոնկրետ լուծման տանելու ուղղությամբ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG