Մատչելիության հղումներ

Թուրք մտավորականները ներում են հայցում «1915 թվականի դեպքերի առիթով»


Մի խումբ թուրք մտավորականներ հրապարակավ ներողություն են խնդրել «1915 թվականին օսմանյան հայերի հետ կատարված մեծ դժբախտության» առիթով:

Ըստ թուրքական Today’s Zaman թերթի, թուրք մտավորականների խումբը, որոնց թվում են քաղաքագետներ Բասկին Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամoղլուն եւ Չենgիզ Ակտարը, հայտարարություն են տարածել, որում անհատապես ներողություն են հայցում Հայոց ցեղասպանության եւ ցեղասպանության փաստի ժխտման համար:

Խումբը Թուրքիայի այլ քաղաքացիներին նույնպես խնդրում է միանալ իրենց հայտարարությանը, որը հետեւյալ ձեւակերպումն ունի. - «Իմ խիղճը թույլ չի տալիս ընդունել 1915 թվականին օսմանյան հայերի հետ կատարված մեծ դժբախտությունը եւ այդ փաստի ժխտումը: Ես մերժում եմ այս անարդարությունը եւ իմ ազատ կամքով, կիսելով իմ հայ եղբայրների եւ քույրերի զգացմունքներն ու ցավը, նրանցից ներողություն եմ հայցում»:

Նախաձեռնության հեղինակները նախատեսում են նախ ստորագրություններ հավաքել թուրք մտավորականների շրջանում, այնուհետեւ կոչը տեղադրել ինտերնետում` որտեղ յուրաքանչյուր ոք կարող է միանալ հայտարարությանը:

Նախաձեռնությունը արդեն իսկ բացասական գնահատականների է արժանացել թուրք ազգայնականների եւ մի շարք մտավորականների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG