Մատչելիության հղումներ

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում կառավարության առաջարկած լրամշակումներր


Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ` 88 կողմ, 7 դեմ, 2 ձեռնպահ, ընդունվեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով կառավարությունը իրավունք է ստանում պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնել:

Օրինագծին դեմ են քվեարկել Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւ խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Երեկ, Ազգային ժողովում ներկայացնելով օրինագիծը, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշել էր, որ հանրաքվեի արդյունքները կատարման համար պարտադիր չեն եւ որեւէ իրավական հետեւանք չեն ունենա:

Օրինագծին դեմ քվեարկած պատգամավորները երեկվա խորհրդարանական քննարկումների ժամանակ մտահոգություն արտահայտեցին, որ առաջարկվող փոփոխության նպատակը Ղարաբաղյան հարցի հնարավոր լուծման դեպքում հարցը կառավարության առաջարկությամբ հանրաքվեի դնելն է:

Արտահայտելով իր կուսակցության դիրքորոշումը` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օրինագիծը ընդունելի է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար. - «Ի՞նչ վատ բան կա այստեղ, որ ինչ-որ կերպով մենք ստանալու ենք հանրության միասնական դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը քննադատեց ներկայացված օրինագիծը` հղում կատարելով Սահմանադրության 112 հոդվածին, որը, ըստ Մարտիրոսյանի, ամրագրում է, որ կառավարությունը հանրաքվեի կարող է դնել միայն օրենքներ եւ ոչ թե հարց` հասարակական կարծիքը պարզելու համար:

«Այս դրույթը նախ հակասահմանադրական է: Կառավարությունը որեւէ ձեւով իրավունք չունի հանրաքվե անցկացնելու», - նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Արմեն Մարտիրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ «յուրաքանչյուր հանրաքվեի արդյունք այս իշխանությունը կարող է կեղծել»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին, որն է հրատապության խնդիրը` եթե ոչ, ինչպես պնդում է ընդդիմությունը, Ղարաբաղի հարցը, որ օրինագիծը արտահերթ կարգով է բերվել եւ ընդամենը երկու ընթերցում պիտի անցնի, պատասխանեց. - «Այստեղ վտանգներ չկան, ընդամենը շահարկման փորձեր կատարվեցին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG