Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը «Մազալու իրարանցում հանրաքվեի շուրջ» խմբագրականում գրում է. - «Երբ նախօրեին խորհրդարանը սկսեց քննարկել նախագիծը, որով առաջարկվում է հանրաքվեի նոր տարատեսակ համարել նաեւ պետական կարեւորագույն հարցերում հասարակական կարծիքը բացահայտելու նպատակով հանրաքվե անցկացնելը, դրանից հետո արդեն ոչ միայն ավելացավ գուժկանների թիվը, այլեւ սրանց կողմից տարածվող բայղուշության չափաբաժինը... Կոմիկական տարրերով հարուստ իրարանցումը, որ ստեղծվել է նախագծի շուրջ, անշուշտ, զվարճալի է, բայցեւ միաժամանակ անհասկանալի է բարձրացված աղմուկ-աղաղակը, որ շարունակվում է արդեն մի քանի օր։ Զինադադարի հաստատումից ի վեր թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի ժողովուրդը, երկու հանրապետություններում գործող բոլոր քաղաքական ուժերը մշտապես նույն տեսակետն են արտահայտել. այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը վերաբերող ցանկացած որոշում չի կարող միանձնյա ընդունվել, ավելին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն էլ չի կարող մեկ կամ մի քանի հոգու վճռելիք հարց լինել։ Եվ որ Ղարաբաղի ճակատագրի հարցում գլխավոր դերակատարությունը պետք է վերապահվի ժողովրդին, որն իր «այո»-ն կամ «ոչ»-ը կասի համաժողովրդական հանրաքվեի միջոցով»։

Թեման շարունակում է «Չորրորդ իշխանություն»-ը. - «Զավեշտն այն է, որ հանրաքվեն ըստ էության քվեարկություն է, որի միջոցով պետք է պարզվի հասարակության կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Եվ փաստորեն քվեարկության մասին այդ օրենքի քննարկման ընթացքում պատգամավորները կեղծում են քվեարկությունը, իրար փոխարեն կոճակներ են սեղմում եւ այլն: Այս օրինագծի ափալ-փաթալ ընդունումը, իհարկե, կապված է Ղարաբաղյան խնդրի հետ. սրանում որեւէ մեկը չի կասկածում: Բայցեւ` քաղաքական ուժերն ու վերլուծաբանները հակված են ենթադրել, որ իշխանությունները ընդունում են այս օրենքը, որպեսզի մոտ ապագայում Ղարաբաղյան կարգավորման հարցով հանրաքվե անցկացնեն, սովորության համաձայն` կեղծեն արդյունքները, վերադարձնեն ազատագրված տարածքները եւ փաստորեն դրա ողջ պատասխանատվությունը դնեն ժողովրդի ուսերին»:

«Առավոտ»-ը շարունակում է մեկնաբանել Շիրակի թեմում ստեղծված իրավիճակը. - «Թե' 1995-ի եւ թե' 1999-ի կաթողիկոսական ընտրություններից առաջ երկրի առաջին, իսկ հետո՝ երկրորդ նախագահը հայտարարեցին, թե ում են իրենք ուզում տեսնել հայրապետական գահին, եւ հենց նրանք էլ դարձան Ամենայն հայոց կաթողիկոսներ: Եթե նախագահը կարող է կաթողիկոս «նշանակել», ապա քաղաքապետն էլ պետք է հնարավորություն ունենա թեմի առաջնորդին «ազատել աշխատանքից»: Մանավանդ Վարդան Ղուկասյանի նման «հեղինակությունը»: Դե, դուր չի գալիս նրան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ իր ինքնուրույնությամբ, նրանով, որ հավատացյալների կողքին է՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, նրանով, որ չի ցանկանում խոնարհվել «մեծն Վարդանիկի» առաջ... «Բա Գյումրիի տերն ու տիրականը, փոքրիկ «Ֆյուրերը» հնարավորություն չունենա՞ նշանակել - հանել թեմի առաջնորդին ճիշտ այնպես, ինչպես անում է միլպետի, կամ, ասենք, հարկայինի ղեկավարի հետ: Այդ «անարդարությունը» շտկելու համար Գյումրիի քաղաքապետն ընտրել է ամենակարճ ճանապարհը` կեղծ մատնագիր («դանոս») է ուղարկել Երեւան` իբր եպիսկոպոսը «լեւոնական» է»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ի՞նչ է մնում անել Սերժ Սարգսյանին: «Մարտի 1-ի» գործը կախված է նրա գլխին որպես դամոկլյան սուր, Ղարաբաղյան խնդրի շոուն հավերժ շարունակվել չի կարող, բարեփոխումների մասին խոսելն արդեն անհարմար է. մնում է պտտվել այլոց հաջողությունների կենտրոնում եւ փիլիսոփայել ազգի միասնականության եւ հզորության մասին... Սերժ Սարգսյանը ԱՄՆ հայերի հետ հոկտեմբերի 24-ի հանդիպման ժամանակ նա հայտարարել էր. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, նա պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական եւ գաղափարական տարբերություններից»... Իսկապես պարզ չէ, թե ինչու է պետք Սերժ Սարգսյանին հայկական սփյուռքի առաջ խոսել այդ պարզունակ ճշմարտության մասին: Եթե որոշ խոսքեր ուղղված էին Հայաստանի քաղաքացիներին, ապա կարելի էր ընդամենը արձանագրել փաստը, որ Հայաստանի իշխող էլիտան հասել է լիբերալ փիլիսոփայության պարզ ճշմարտությանը. ժամանակակից ազգերի ինքնությունը որոշվում է քաղաքացիական պատկանելությամբ... Այն ժամանակ, հիշում եմ, չկարողացավ իրեն զսպել միայն Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որն արագ հիշեցրեց բոլորին, որ հայի ինքնությունը որոշվում է քրիստոնեական հավատով: Ավելին` առաքելական տիպի քրիստոնեության: Այսինքն` Սերժ Սարգսյանի փիլիսոփայական հեղափոխությունը եկեղեցու կողմից արագ մերժվեց»:

«Ժամանակ Երեւան»-ը մեկնաբանում է. - «Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը մշտապես մնալու է Քոչարյանի քաղաքականության պատանդը, ցավալին այն է, որ դրա բացասական էներգետիկան իր մաշկի վրա է զգալու Հայաստանի հասարակությունը: Իսկ Սերժը արդեն մանեւրելու, նաեւ խաբելու շանսից է զրկված ոչ միայն «եռանախագահության» էմիսարներին, այլ նաեւ` այդպես էլ իրեն չընտրած ժողովրդին: Որովհետեւ նույն իշխանությունը կարող է ընդամենը մեկ անգամ խաբել բոլորին, իսկ Սերժի կազմած «նոր» իշխանությունը ամեն ինչ արեց իրեն նույնացնելու Քոչարյանի իշխանության հետ... Եվ այս իշխանական իդենտիֆիկացիան` որքան էլ այս պահին «հզորացնում» է Սերժին, նույնքան էլ պարարտ հող է ստեղծում վերջնական տապալման համար»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG