Մատչելիության հղումներ

Եվրադատարանն այսօր երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության


«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, ով 2003-ի նախագահական ընտրությունների եւ 2004 թվականի ապրիլյան դեպքերի առնչությամբ մի շարք գործեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Եվրադատարանն այսօր կայացրել է 3 վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Եվրադատարանը հրապարակեց իր որոշումը, որով ճանաչեց 2003 թվականի նախագահական ընտրություններում վարչական կալանքի ենթարկված Լավրենտի Կիրակոսյանի եւ Արման Մխիթարյանի իրավունքի խախտում, եւ` 2004 թվականի ապրիլյան դեպքերի հետ կապված վարչական կալանքի ենթարկված Մյասնիկ Թադեւոսյանի: Ըստ էության, [Մարդու իրավունքների եվրոպական] կոնվենցիայի երեք հոդվածներով իրավունքի երեք խախտումներ է ճանաչել»:

Ըստ փաստաբանի, Եվրադատարանը, բացի կոնվենցիայի երեք հոդվածներից, նշել է նաեւ հետեւյալը. - «Վարչական կալանքի ենթարկված քաղաքացու իրավունքի սահմանափակումը` վիճարկման հետ կապված, բողոքարկման հետ կապված, վարչական կալանքի ենթարկվածի պայմանների խախտում, այսինքն` այն պայմաններում, որտեղ որ նա գտնվել է վարչական կալանքի, եւ մյուսը, որը վերաբերում է, ըստ էության, հնարավորություն տալու բողոքարկման, վերջնական վճիռը կայացնելու տեսքով»:

Գործերից երկուսը Եվրադատարան էին ուղարկվել 2003, իսկ մեկը` 2004 թվականին:

«Փոխհատուցումը այսպես է` 4500 եվրո` բարոյական` յուրաքանչյուր գործով (տուրքերը հանած), եւ 3000` ծախսեր», - ներկայացրեց փաստաբանը:

Վարչական կալանքի ենթարկված Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների արարքը ներպետական ատյաններում որակվել է որպես խուլիգանություն, սակայն Եվրադատարանում, այսպես կոչված, զոհերի պաշտպանները պնդել են, որ Հայաստանի երեք քաղաքացիները հետապնդման են ենթարկվել իրենց քաղաքական հայացքների պատճառով, քանի որ երեքն էլ պատկանել են տարբեր կուսակցությունների` Ազգային ժողովրդավարական միություն, «Ազգային միաբանություն» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցություն:

Փաստաբանի փոխանցմամբ, այժմ Եվրադատարանում գտնվող 2003-2004 թվականների նախագահական ընտրություններին եւ ապրիլյան դեպքերին առնչվող մի քանի տասնյակ գործերի թվում, բացի վարչականից կան նաեւ քրեական գործեր, որոնք գրառումների փուլում են:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG