Մատչելիության հղումներ

Պաշտպանական կողմը «7-ի գործով» դատարանից որեւէ սպասելիք չունի


«Եթե Հայաստանում օրենքն իրականում գործի, եւ օրինականություն լինի, ապա «7-ի գործը» դատական վարույթ չպետք է ընդունվի կամ գործը քննող դատավորը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում պետք է կայացնի», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Բայց, քանի որ, ըստ փաստաբանի, Հայաստանում «անկախ դատարան գոյություն չունի», հետեւաբար դատարանից պաշտպանական կողմը որեւէ սպասելիք չունի:

Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, «7-ի գործը» քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Վերջինս առավելապես հայտնի է «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով, «ՏԷՑ-ի կրուգ»-ի գործով, «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործով: Ոչ վաղ անցյալում Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման:

Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս 7 անձանց գործում որեւէ հանցակազմ չկա, եւ 41 հատորանոց գործում «նրանց հասցեագրված մեղադրանքների վերաբերյալ ապացույցներ գոյություն չունեն», ապա իրենց պաշտպանյալները պետք է ուղղակի քաղաքական որոշմանբ ազատ արձակվեն. - «Քաղաքական իշխանությունը ո՞ւմ ձեռքին է... այս այրերի կողմից [պետք է ընդունվի այդ որոշումը]»:

Այն, որ այս 7 անձինք պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններով ուղղորդված սպանությունների հետ որեւէ կապ չունեն, ըստ փաստաբանի, ցույց են տալիս նրանց հեռախոսազրույցների գաղտնալսումները, որոնք հրապարակվեցին նաեւ մամուլում: Մինչդեռ, պաշտպանական կողմի պնդմամբ, մարտի 1-ի իրադարաձությունների հետ կապված ապացույցներն իսկապես գոյություն ունեն, որոնք, սակայն, այդպես էլ քննության չարժանացան:

«Մենք ունենք այնպիսի հասարակություն, որ բազմահազարանոց երթեր ու մի քանի միտինգներ ու երթեր էին լինում օրվա մեջ, ու գեթ մեկ ծառի ճյուղ չի կոտրվել: Ի՞նչ պատահեց, որ մարտի 1-ին հանկարծ դարձրեցին զանգվածային անկարգություններ... Ինչո՞ւ իշխանությունները հենց իրենք դրդեցին, որպեսզի այս իրավիճակն առաջանա», - ասաց Արսենյանը` հավելելով. - «Ահա այսպիսի քննություն չի կատարվել եւ չի էլ կատարվելու` դժբախտաբար»:

Այս գործով մեղադրվող 7 անձանց փաստաբաններն այսօր դիմել են Հատուկ քննչական ծառայություն` քրեական գործի մեղադրական եզրակացությունը ստանալու համար:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG