Մատչելիության հղումներ

«7-ի գործը» ուղարկվել է Երեւանի քրեական դատարան


Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը այսօր ուղարկվել են Երեւանի քրեական դատարան:

Հայաստանի դատախազության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար:

Մյասնիկ Մալխասյանին, ի լրումն վերը նշված հոդվածների, մեղադրանք է ներկայացվել նաեւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով` ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու համար:

Սասուն Միքայելյանին, 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներից բացի, ներկայացվել է մեղադրանք` Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով` «ապօրինի զենք կրելու» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG