Մատչելիության հղումներ

Հայաստանում գրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թիվը անցնում է 600-ից


Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օրն է: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` Հայաստանում գրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թիվը անցնում է 600-ից, սակայն մասնագետները գտնում են, որ վարակվածների թիվը մի քանի անգամ ավելի է եւ անցնում է 2 հազարից:

2008 թվականին Հայաստանում գրանցվել է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) 68 եւ Մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) 111 դեպք:

1988-ից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահացությունների 150 դեպք, որոնցից 128-ը արական, 22 իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ի վիրուսը վերջին 2 տասնամյակների ընթացքում խլել է ավելի քան 30 միլիոն մարդու կյանք:

Միացյալ ազգերի կազմակերպության UNAIDS ծրագրի հրապարակած 2008 թվականի զեկույցի համաձայն` ամբողջ աշխարհում ապրում է շուրջ 33 միլիոն ՄԻԱՎ վարակակիր:

Վերջին տարվա ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է 2 միլիոն 700 հազար մարդ: Այս ցուցանիշը շուրջ 300 հազարով պակաս է 2001 թվականի համեմատ:

Տարածման ցուցանիշով առաջին հորիզոնականում Աֆրիկան է, որտեղ ապրում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների 67 տոկոսը, որին հաջորդում են Վիետնամը, Ինդոնեզիան, Քենիան, Չինաստանը, Մոզամբիկը, Նոր Գվինեան:

Ուսումնասիրությունները վկայում են, որ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում` ներառյալ նախկին Խորհրդային Միության երկրները, շուրջ 1,5 միլիոն վարակակիր կա, որոնցից 270 հազարը վարակվել է 2006 թվականին, 110 հազարը` 2007-ին: Տարածաշրջանում գրանցված վարակակիրների 90 տոկոսն ապրում է Ռուսաստանում եւ Ուկրաինայում:

UNAIDS-ը վարակի տարածման տեմպերի աճ է արձանագրել Ադրբեջանում, Վրաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում: Հայաստանի մասին UNAIDS-ի 2008 թվականի զեկույցում հատուկ անդրադարձ չկա:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG