Մատչելիության հղումներ

«Հանրապետություն»-ը «քաղաքական հաշվեհարդար» է որակում Սմբատ Այվազյանի դատավճիռը


«Հանրապետություն» կուսակցությունը «ռեժիմի քաղաքական հաշվեհարդար» է որակել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` մեկ շաբաթ առաջ կայացրած դատավճիռը, որով կուսակցության քաղխորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Կուսակցության քաղխորհուրդը այսօր տարածած հայտարարությունում պնդում է, թե «քաղկալանավորների նկատմամբ կայացված բոլոր դատավճիռները թելադրվում են միեւնույն կենտրոնից` նախագահական նստավայրից»:

«Գործող իշխանությունները շարունակում են անտեսել մեր հասարակության եւ ԵԽԽՎ 1609 ու 1620 բանաձեւերի պահանջները եւ որեւէ գործուն քայլ չեն ձեռնարկում մարտի 1-ի հանցագործության հետեւանքները չեզոքացնելու ուղղությամբ, Եվրախորհրդի ոչ համարժեք եւ լղոզված դիրքորոշումները խրախուսում են իշխանությունների ավտորիտար նկրտումները, ավելի է խորացել իշխանություն-հասարակություն անջրպետը` երկիրը կանգնեցնելով ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առաջ», - արձանագրում է «Հանրապետություն»-ը` տեղեկացնելով, որ «ակտիվորեն շարունակելու է մասնակցել Համաժողովրդական շարժմանը` օր առաջ երկրում օրինական իշխանության հաստատման հրամայականով»:

Սմբատ Այվազյանը անազատության մեջ է փետրվարի վերջից` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա դատապարտվել է ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG