Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. - «Հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ խոչընդոտը Հայաստանի ներսում է»


Ամերիկահայ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը ներքին դիմադրության է հանդիպում Հայաստանում, քանի որ այն սպառնում է «տնտեսության օլիգարխիկ կառույցի կենսունակությանը»:

«Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ստամբուլ վերահաստատեց, որ հայ-թուրքական դիվանագիտական գործընթացն ընթանում է ամբողջ թափով», - այսօր լրագրողներին ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: - «Այժմ ամենակարեւոր հարցն այն է, թե ի՞նչ կլինի հետո: Կարեւոր է նաեւ այն թե` ինչո՞ւ [է գործընթացն ակտիվացել] հիմա: Այս նախաձեռնությունը Թուրքիայինն է, ոչ թե ամերիկացիներինը կամ եվրոպացիներինը», - նշեց ամերիկահայ վերլուծաբանը:

«Ես գտնում եմ, որ հայաստանյան իշխանությունները լեգիտիմ չեն եւ դա է, իմ կարծիքով, պատճառներից մեկը, որ կառավարությանը ծայրաստիճան անհրաժեշտ է որեւէ ձեռքբերում արտաքին քաղաքական ոլորտում», - հայտարարեց Կիրակոսյանը` հավելելով. - «Հաշվի առնելով ներքին քաղաքական ճգնաժամը, հաջողությունը արտաքին քաղաքական ոլորտում, Հայաստանի այս իշխանության համար առաջնային նշանակություն ունի»:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, «հայ-թուրքական սահմանի բացման ամենալուրջ խոչընդոտը ոչ թե Սփյուռքն է կամ Թուրքիան, այլ Հայաստանի ներքին ուժերը` օլիգարխիկ շրջանակները, որոնք չեն ուզում թույլ տալ, որ Հայաստանի տնտեսության մեջ մրցակցություն առաջանա, ինչը կվտանգի նրանց մենաշնորհները»:

Սահմանի բացումը Հայաստանին թույլ կտա հաղթահարել ներկայիս մեկուսացումը, սակայն այն կվտանգի «գործող փակ տնտեսական համակարգը», - շեշտեց Ռիչարդ Կիրակոսյանը:

«Թուրքիայի կին առաջնորդների ու գործարարների կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Oզգյուլ Էրդեմլի Մութլուն նույնպես էական խոչընդոտներ է մատնանշել հայ-թուրքական մերձեցման ճանապարհին, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն է:

«Կոնկրետ այս հարցում ես թուրքական հասարակական տրամադրությունների մեջ որեւէ փոփոխություն չեմ տեսնում: Չնայած դրան` ես տեսնում եմ փոփոխություններ` Հայաստանի հետ համակողմանի ու բազմաշերտ երկխոսություն ծավալելու առումով», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Օզգյուլ Էրդեմլին` հավելելով, որ շատ բան կախված է նաեւ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ ամենատարբեր մակարդակներում տեղի ունեցող շփումներից: - «Նախագահների ու նախարարների միջեւ տեղի ունեցող հանդիպումները կարեւոր են, բայց մեր երկրների մերձեցման ճանապարհին շատ ավելի լուրջ արդյունքներ ակնկալելու համար հարկ է համապատասխան հասարակական կարծիք ձեւավորել: Այս առումով ես անչափ կարեւորում եմ ոչ պետական կազմակերպությունների ու երկու երկրների լրատվամիջոցների միջեւ կապերն ու համագործակցությունը»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG