Մատչելիության հղումներ

Հացադուլ են սկսել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները


Այսօր ժամը 13-ից Եռաբլուրում եռօրյա նախազգուշական հացադուլ են սկսել Ղարաբաղյան պատերազմի մի խումբ մասնակիցներ: Նրանց հիմնական պահանջները ձեւակերպված են Սուրբ Վարդանանց եկեղեցու պատին փակցված պաստառներում` «Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս», «Պահանջում ենք չզիջել»:

Հացադուլավորներից վանաձորցի Մերուժան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հացադուլի անհրաժեշտությունը պայմանավորված է «իշխանությունների դավաճանական քայլով». - «Որ ազատագրված տարածքները ուզում են հետ հանձնել: Մեր պահանջներն են` չզիջել ոչ մի թիզ հող, եւ Ղարաբաղը անհապաղ ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս»:

Նախկին հրամանատար, Տավուշի մարզից Վարդան Մալխասյանը հստակեցրեց, թե որ դեպքում կարող են ընդունելի համարվել քննարկումները տարածքների վերադարձի շուրջ:

«Տարածքների թեկուզ մեկ դեցիմետրն էլ այսօր ես դեմ եմ փոխզիջմամբ տալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մալխասյանը: - «Հակառակը` ադրբեջանցին ինքը պետք է մեզ հետ նստի փոխզիջման, քանի որ մենք ունենք Շահումյան, Գետաշեն, Հյուսիսային Արցախ եւ Նախիջեւան, որոնք գերեվարված են առայսօր»:

Հացադուլավորները այցելեցին իրենց մարտական ընկերների շիրիմներին:

«Կորցրել եմ բազմաթիվ մարտական ընկերներ: Այսօր միայն Եռաբլուրում 710 ազատամարտիկ է պառկած: Չէ՞ որ 90 տոկոսը, եթե ոչ ավելին, զոհվել են հենց այդ տարածքների համար: Չհաշված մյուս զոհերը, որը 5 հազարից ավելի է կազմում», - ասաց հացադուլավորներից մեկը:

«Ես [զոհվածների հանդեպ] ինձ մեղավոր զգալով` ուխտ արի, որ պետք է նստեմ հացադուլի, պետք լինի, կգնամ մինչեւ ինքնահրկիզման` հանուն Արցախի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Մալխասյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG