Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը


Երկուշաբթի երեկոյան Ստամբուլում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հանդիպումը:

Այնուհետեւ, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Ալի Բաբաջանը ընթրիք է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Նույն աղբյուրի վկայությամբ` առավել քան երկուսուկես ժամ տեւած քննարկմանը նախարարներ Նալբանդյանն ու Բաբաջանը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի:


Նախարարները մտքեր են փոխանակել Անվտանգության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի նախաձեռնության վերաբերյալ:

Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը իրենց հանդիպումը գնահատել են որպես օգտակար ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպում: Նախարարները համաձայնել են շարունակել ջանքերը` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանի արտգործնախարարը Ստամբուլ էր մեկնել մեկօրյա այցով` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Մինչ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը, Էդվարդ Նալբանդյանը այցելել է ՍԾՏՀ-ի քարտուղարություն, ուր հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ-ի գործունեության կատարելագործման եւ անդամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության խթանման հարցերին:


Անդրադառնալով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ առաջիկա վեց ամիսներին ծրագրված շուրջ 60 միջոցառումները միտված են կազմակերպության հեղինակության բարձրացմանը եւ անդամ երկրների միջեւ տարբեր ոլորտներում գործակցության խորացմանը:


Այնուհետեւ տեղի է ունեցել ՍԾՏՀ-ի Միջազգային քարտուղարության, ՍԾՏՀ-ի անդամ ու դիտորդ երկրների եւ հարակից մարմինների ներկայացուցիչների նիստը, որին առաջիկա ամիսներին կազմակերպության գործունեության եւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին ծրագրային ելույթով է հանդես եկել արտգործնախարար Նալբանդյանը:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ՍԾՏՀ-ի նախագահությունը ստանձնել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ տարբեր երկրների տնտեսությունների տարաբնույթ բարդությունների ժամակահատվածում, որոնց հաղթահարման նպատակով կազմակերպության անդամ երկրները պետք է համատեղ գործեն:


Խոսելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը` որպես հիմնական նպատակ: Հայաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀ-ի գերակա խնդիրներից են լինելու նաեւ էներգետիկայի, բնապահպանության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը:


Նիստին հետեւել է Հայաստանի արտգործնախարարի մամուլի ասուլիսը, որին ներկա էին շուրջ 100 թուրքական եւ համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին` Նալբանդյանը նշել է, որ հարաբերությունների լիակատար կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների շահերից, եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսությունը ուղղված է հենց այդ նպատակին` դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը, եւ այն չպետք է դիտարկել որպես Թուրքիայի կողմից շնորհ Հայաստանին, քանի որ դրանում ոչ պակաս շահագրգռված է Թուրքիան:

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե որեւէ խոչընդոտ չի տեսնում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

Նա ընդգծել է, որ Հայաստանը նախապայմաններ չի առաջադրում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, եւ հույս է հայտնել, որ Թուրքիան եւս նախապայմաններ չունի:

«Մենք ակտիվ երկխոսություն ենք սկսել», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: - «Ես չեմ կարծում, թե որեւէ իրական խոչընդոտ կա հարաբերությունների կարգավորման համար»:

Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է կարգավորվել, եւ առաջընթացի լավ նշան է համարել նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը:

Հայաստանի արտգործնախարարը Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի եւ Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում է ունեցել Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ: Կայացել է հանդիպում նաեւ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG