Մատչելիության հղումներ

Հայաստանը կիլովատտը 5,7 ցենտով էլեկտրաէներգիա կարտահանի Թուրքիա


Հաջորդ տարվա մարտի 1-ից կիրականացվի հայկական էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները հիմնականում պատրաստ են էլեկտրաէներգիայի մատակարարմանը Թուրքիա, եւ ծրագիրը իրագործելու համար դեռեւս որոշակի աշխատանքներ պետք է կատարի թուրքական կողմը:

«Մի քանի օր առաջ եմ ինֆորմացիա ստացել թուրքական կողմից, որ աշխատանքները նորմալ գնում են, եւ նախանշված ժամկետներում կսկսենք էլեկտրաէներգիայի արտահանումը», - տեղեկացրեց Արմեն Մովսիսյանը:

Էլեկտրաէներգիայի արտահանման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երեւանյան այցի ժամանակ:

Ըստ հայկական կողմի` էլեկտրաէներգիայի գինը տնտեսապես արդյունավետ կլինի եւ կախված կլինի ջերմային էներգիայի եւ գազի գներից: Եթե մատակարարումը իրականացվի այսօր, գինը մեկ կիլովատտի համար կկազմի 5,7 ցենտ (մոտ 17,5 դրամ):

Նախնական պայմանավորվածության համաձայն, արտահանման ծավալը կկազմի տարեկան 1,5 միլիարդ կիլովատտ/ժամ` հետագայում հասցնելով տարեկան 3,5 միլիարդ կիլովատտ/ժամի:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG