Մատչելիության հղումներ

Հայ եւ հույն հոգեւորականների ծեծկռտուքը անհետեւանք չի մնացել


Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում նոյեմբերի 9-ին հայ եւ հույն հոգեւորականների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով, Իսրայելի ոստիկանությունը հայ հոգեւորականներին արգելել է այսուհետ Գյուտ խաչի տոնը նշելիս մտնել տաճար, եթե դա չեն թույլատրում հույն հոգեւորականները: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեցին դեպքերի ականատես հայ հոգեւորականները եւ ուխտագնացները:

«Մեր միաբանության բոլոր փորձերը` կոնտակտների գնալ հունական կողմի հետ, ուշադրության չեն արժանանում», - ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը, ով նույնպես նոյեմբերի 9-ի միջադեպի ականատեսն է եղել: - «Երուսաղեմի հունական պատրիարքը մեր միաբաններին անվանել է հերետիկոսներ եւ խզել բոլոր տեսակի համագործակցությունը մեզ հետ: Մենք մեկ ամիս փորձում ենք կոնտակտի դուրս գալ հույների հետ, որպեսզի հաջորդ տոնին կարողանանք հստակ կարգավորված, առանց կոնֆլիկտների գնալ, բայց չի ստացվում»:

Արարատյան հայրապետական թեմի քահանա Մխիթար Ալոյանը ակնկալում է Հայաստանի արտգործնախարարության եւ Ամենայն հայոց կաթողիկոսի միջամտությունը. - «Մեր արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ պետք է խոսի, որպեսզի իրենց կառավարությունը ինչ-որ ձեւով ազդի ոստիկանության վրա, որովհետեւ ոստիկանները կողմնապահ են: Ամենայն հայոց կաթողիկոսն էլ Հունաց տիեզերական պատրիարքի հետ պետք է խոսի: Հակառակ այն բանի, որ Երուսաղեմի [հունաց] պատրիարքությունը անկախ է, Տիեզերական պատրիարքը կարող է ազդել, եւ այս կռիվները վերանան, որովհետեւ, բնականորեն, տհաճ է Քրիստոսի գերեզմանի վրա հոգեւորականների կռիվ անելը»:

Ծեծկռտուքը սկսվել էր, երբ հայ հոգեւորականները նշում էին Գյուտ խաչի տոնը: Այս տոնը Հայ առաքելական եկեղեցին նշում է 4-րդ դարից վեր:

Հույների պնդմամբ` հայերը թույլ չեն տվել, որ հույն հոգեւորականներից մեկը մտնի տաճար: Հայերը պնդում են հակառակը` որ հույներն են փակել իրենց ճանապարհը:

Քրիստոսի Հարության տաճարի տարածքը բաժանված է քրիստոնեական վեց եկեղեցիների միջեւ, եւ բախումներն այստեղ հազվադեպ չեն:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG