Մատչելիության հղումներ

Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր. «Ղարաբաղը կարող է բոլոր պայմանավորվածությունները հասցնել զրոյի»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը անվիճելի է համարում, որ Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ըստ պատգամավորի, պետք է լինի Արցախի անկախության երաշխավորը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Սարգսյանը ընդգծել է, որ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունը չի կարելի հետաձգել մինչեւ այն պահը, երբ ամեն ինչ պայմանավորված կլինի` «որովհետեւ Ղարաբաղը մեկ օրում կարող է այդ բոլոր պայմանավորվածությունները հասցնել զրոյի»:

Ղարաբաղի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը նշել է, որ արցախյան հանրությունը պետք կարողանա հասնել այն բանին, որ Արցախի ղեկավարությունը ստանձնի իր բաժին պատասխանատվությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մեկնաբանելով. - «Ամբողջ 10 տարի մենք ազատված ենք եղել կարգավորման հոգսերից` դրանց պատասխանատվությունը գցելով Հայաստանի ղեկավարության վրա»:

Ղարաբաղի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի խոսքերով` կան հարցեր, որոնք պետք է բարձրացնել այն ժամանակ, երբ Ղարաբաղը կվերադառնա բանակցային գործընթաց:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG