Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Ստամբուլում


Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ եւ կքննարկի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվություն վարչության տարածած տեղեկատվության համաձայն` երկուշաբթի Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով լինելու է Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայատանի նախագահության շրջանակներում:

Օգտվելով Ստամբուլում Էդվարդ Նալբանդյանի ներկայությունից` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդիպման առաջարկություն է արել, որն ընդունվել է Հայաստանի արտգործնախարարի կողմից:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որպես հարաբերությունների կարգավորման առաջին քայլ` ակնկալում է երկու երկրների միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ հայ-թուրքական սահմանի բացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG