Մատչելիության հղումներ

Վրաստանը դեմ է Սոչիում Օլիմպիադայի անցկացմանը


Վրաստանը Միջազգային օլիմպիական կոմիտեին է դիմել 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիից որեւէ այլ քաղաք տեղափոխելու առաջարկով՝ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառաբանությամբ:

Մեկ տասնյակից ավելի վրաց օլիմպիական չեմպիոններ իրենց նամակում գրել են, թե իրավիճակը շատ վտանգավոր է, մարզիկների անվտանգությունն ապահովելու համար Օլիմպիադան հարկ է անցկացնել ավելի ապահով վայրում:

Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական կարճատեւ պատերազմը, բռնկվելով Հարավային Օսիայում, այնուհետեւ տեղափոխվել էր Աբխազիայի տարածք, որը գտնվում է Սոչիից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Գեգելիան պարզաբանել է վրացական կողմի դիրքորոշումը` ասելով. - «Մենք չենք առաջարկում բոյկոտել 2014-ի Օլիմպիադան, մենք ընդամենը պահանջում ենք կա'մ երաշխավորել մարզիկների անվտանգությունը, կա'մ էլ խաղերը տեղափոխել որեւէ այլ երկիր»:

Նա հավելել է, որ նման մտահոգություն չէր լինի, եթե անջատական տարածքները վերահսկվեին վրացական իշխանությունների կողմից. - «Այդ դեպքում մենք պատասխանատվություն կստանձնեինք անվտանգության համար: Եթե Սարկոզի-Մեդվեդեւ ծրագիրը ամբողջությամբ իրագործվի եւ վերականգնվի նախաօգոստոսյան իրադրությունը, ապա մենք չենք առարկի Սոչիում Օլիմպիադա անցկացնելու դեմ»:

Ենթադրվում է, որ այսօր կամ վաղը Վրաստանը այս խնդիրը կարծարծի Ստամբուլում գումարվող Եվրոպայի օլիմպիական կոմիտեների գլխավոր նստաշրջանում:

Սոչիի Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտնել է, որ քաղաքը շարունակում է պատրաստվել 2014 թվականի ձմեռային խաղերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG