Մատչելիության հղումներ

Ծրագրավորման բաց մրցույթ - 2008


Մրցույթը Հայաստանում անցկացվում է 2003 թվականից:
Արդեն 5-րդ տարին մինչեւ 30 տարեկան երիտասարդները հնարավորություն են ստանում ցույց տալ իրենց մասնագիտական կարողությունները եւ գրավել ոլորտի կազմակերպությունների հետաքրքրությունը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ մրցույթը մեծ հեղինակություն է վայելում երիտասարդների շրջանում. դա են վկայում ամեն տարի ստացվող մասնակցության հայտերը, որոնց թիվը հատում է 400-ի սահմանը:

«Դեկտեմբերի 5-ին հայտ ներկայացրածներից կընտրենք 60, այնուհետեւ` 30 երիտասարդների, ովքեր կմասնակցեն Ծաղկաձորում կայանալիք «Ուսումնական ճամբար» ծրագրին, որը հնարավորություն կտա ոչ միայն սովորել, ծանոթանալ ոլորտի վերջին նորություններին, այլեւ շփվել միմյանց հետ, մրցույթի համար կազմել թիմեր եւ մասնակցել եզրափակիչին», - ասաց նա:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը նշեց, որ ծրագրավորման մրցույթը համահունչ է ոլորտում պետության վարած քաղաքականությանը, այն է` երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել բնագավառի մասնագիտությունների հանդեպ:

«Մրցույթը կխթանի թիմային աշխատանքը, որն էլ կնպաստի նոր ձեռնարկությունների ձեւավորմանը: Պետությունն իր կողմից մրցույթն իրականացնելու համար տրամադրել է 5 միլիոն դրամ», - հավելեց նա:

Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ մասնակից երիտասարդների շուրջ կեսը մարզերից են լինում:

Այս տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անցկացվել է մոտ տասը մրցույթ, եւ դրանք բոլորը, ըստ Բագրատ Ենգիբարյանի, վկայում են, որ մեր երիտասարդների գիտելիքները բարձր մակարդակի վրա են:

«Այն նաեւ աշխատանք ստանալու լավ հնարավորություն է, քանի որ երիտասարդ կադրեր ընտրելու նպատակով մասնակցում են տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ: Մեր հիմնադրամի երիտասարդ կադրերի մեծամասնությունը հենց այս մրցույթի մասնակիցներ են եղել», - ավելացրեց նա:

Անհատական եւ թիմային մրցույթներում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգեւներ` 200 հազարից մինչեւ 450 հազար դրամ:

Մրցույթին մասնակցելու համար պետք է լավ տիրապետել «C++» եւ «Java» ծրագրավորման լեզուներից որեւէ մեկին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ն է:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG