Մատչելիության հղումներ

Վրաց-աբխազական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել


Այսօր առավոտյան փոխhրաձգություն է տեղի ունեցել վրաց-աբխազական սահմանին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ ռուսական եւ աբխազական զինված ջոկատները հարձակվել են Ինգուրի գետի մոտ տեղակայված վրացական ուժերի դիրքերի վրա:
Ըստ հաղորդագրությունների`այսօր առավոտյան տեղի ունեցածը եղել է ամենաուժեղ փոխհրաձգությունը օգոստոսյան պատերազմից հետո: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունից հաղորդում են, որ Գանմուխուրի վրացական գյուղում մի քանի տուն է վնասվել, զոհեր չկան:

Գալիի շրջանում Աբխազիայի կառավարության ներկայացուցիչ Ռուսլան Կիշմարին, մինչդեռ, «Ինտերֆաքս»-ին ասել է, թե հրաձգությունը տեղի է ունեցել, երբ վրացական պարեկային խումբը խախտել է սահմանը` մտնելով Աբխազիայի տարածք:

«Ընդհարման արդյունքում վրացական պարեկային խումբը հետ է մղվել Վրաստանի տարածք», - ասել է նա:

Վրացական հեռուստաընկերությունները հաղորդում են, որ երկու կողմից ուժեր են տեղափոխվում Ինգուրիի շրջան, այդ թվում նաեւ զրահատեխնիկա:

Եվրամիության առաքելության ներկայացուցիչները արդեն դեպքի վայրում են:

Այս միջադեպից մեկ օր առաջ Ժնեւում հանդիպել էին ռուս-վրացական հակամարտության կողմերի ներկայացուցիչները, ներառյալ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները:

Ժնեւում պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին շարունակել միջազգային խորհրդակցությունները:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմաքը ասել է. - «Սա առաջին քայլն է, կատարվում են նախագահներ Սարկոզիի ու Մեդվեդեւի միջեւ ձեռք բերված համաձայնությունները: Խորհրդակցությունների առաջին փորձը ձախողվել էր, քանի որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները դուրս էին եկել բանակցություններից: Տարաձայնություններ կային, թե ովքեր կարող են համարվել լիազորված ներկայացուցիչներ, որոնք կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այսպիսով, խորհրդակցությունների վերականգնումը դրական քայլ է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG