Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտի. «Լրագրողների դեմ վերջին հարձակումները վտանգում են մամուլի ազատությունը Հայաստանում»


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին երեկ անհանգստություն է հայտնել «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ կատարված հարձակման առիթով:

«Լրագրողների դեմ բռնությունը «սովորական հանցագործություն» չէ, որովհետեւ այն վտանգում է ժողովրդավարության հիմնարար ինստիտուտներից մեկը` ազատ մամուլը», - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում գրել է Հարաշտին:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է Հայաստանում լրագրողների դեմ բռնությունների ավելի վաղ տեղի ունեցած դեպքերին, այդ թվում` «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի դեմ հարձակումներին` ընդգծելով, որ այդ գործերն առայժմ բացահայտված չեն:

«Նման հանցագործությունների նպատակը երկրում լրատվական ոլորտի աշխատակիցներին ահաբեկելն ու հետաքննական լրագրությանը խոչընդոտելն է: Այս միջադեպերի բացահայտման գործում առաջընթացի բացակայությունը կարող է լրագրողների դեմ հետագա բռնությունների առիթ հանդիսանալ», - գրել է Հարաշտին` շեշտելով լրագրողների դեմ հարձակումների բոլոր դեպքերը արագ բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG