Մատչելիության հղումներ

«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ»-ը մուտք գործեց Հայաստանի բջջային կապի եւ ինտերնետային ծառայությունների շուկա


Orange բրենդային անվանմամբ հայտնի ֆրանսիական France Telecom ընկերության ներկայացուցիչ «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ»-ը մուտք գործեց Հայաստանի բջջային կապի եւ ինտերնետային ծառայությունների շուկա: Համապատասխան որոշումը այսօրվա արտահերթ նիստում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Հանձնաժողովը որոշեց «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի տարածքում հանրային շարժական ծառայությունների մատուցման համար հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիա, ինչպես նաեւ ռադիոհաճախականությունների օգտագործման եւ համարների զբաղեցման թույլտվություններ տրամադրել:

Ընկերության գլխավոր տնօրեն Քրիստիան Բուանոն առայժմ դժվարանում է «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ»-ի կողմից կատարվելիք ներդրումների վերաբերյալ կոնկրետ թվեր նշել: «Առայժմ չէի ցանկանա որեւէ ճշգրիտ թիվ նշել, քանի որ դեռ կատարում ենք տեխնիկական միջոցառումներ, բայց վստահ եղեք, որ կկատարենք այն բոլոր ծախսերը, որ անհրաժեշտ կլինեն ծառայությունները լիակատար մատուցելու եւ պայմանները կատարելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բուանոն:

Հայաստանի բջջային ծառայությունների ոլորտ մուտք գործող երրորդ օպերատորին ներկայացվել են որոշակի պայմաններ. առավելագույնը երկու տարում ընկերությունը պետք է GSM բացօթյա ծածկույթ ապահովի Երեւանում եւ 42 բնակավայրերում, բոլոր այդ բնակավայրերում` առնվազն մեկական գրասենյակ, երեք տարում GSM բացօթյա ծածկույթ ապահովի 200 գյուղերում, ինչպես նաեւ Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհների 85 տոկոսում:

Այս տարվա հոկտեմբերին France Telecom-ը, ներկայացնելով 51,5 միլիոն եվրոյի առաջարկ, հաղթել է հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու լիցենզիայի տրամադրման համար Հայաստանի կառավարության հայտարարած մրցույթում, պայմանով, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը պաշտոնապես կգրանցի իր ներկայացուցիչը հանդիսացող հայաստանյան ընկերություն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG