Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի առաջարկած փոփոխությունները ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ


Ռուսաստանի Պետդուման այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը:

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած նախագծին 450 պատգամավորներից կողմ են քվեարկել 351-ը, դեմ` 57-ը:

Փոփոխությունները երկրի նախագահին հնարավորություն կտան պաշտոնավարել 6 տարի` ներկայիս 4-ի փոխարեն, իսկ խորհրդարանի լիազորությունների ժամկետը կավելանա մեկ տարով` 4-ից դառնալով 5:

Սահմանադրությունում փոփոխությունները ուժի մեջ են մտնում տարածաշրջանային խորհրդարանների առնվազն երկու երրորդի հավանությանը արժանանալուց հետո պաշտոնական հրապարակման օրվանից: Նոր ժամկետները վերաբերելու են փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ընտրվելիք նախագահին եւ խորհրդարանին:

Ռուսաստանի նախագահը իր այս նախաձեռնության մասին հայտարարել էր նոյեմբերի 5-ին` ռուսաստանցիներին հասցեագրված ուղերձում: Նոյեմբերի 11-ին նա փոփոխությունները ներկայացրեց Պետդումային, նոյեմբերի 14-ին խորհրդարանի ստորին պալատը առաջին ընթերցմամբ ընդունեց դրանք:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Ռուսաստանի գործող նախագահը մտադիր է պաշտոնավարման կեսից հրաժարական տալ եւ տեղը զիջել վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինին, ով կարող է անարգել ընտրվել ու պաշտոնավարել 6 տարի:

«Յաբլոկո» կուսակցության ակտիվիստները այսօր բողոքի ակցիա են անցկացնում Պետդումայի շենքի մոտ` ընդդեմ Սահմանադրության փոփոխությունների:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG