Մատչելիության հղումներ

Ժնեւում ռուս-վրացական հանդիպումը կրկին հետաձգվել է


Այսօր Ժնեւում նախատեսված էր Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման երկրորդ փուլը: Օրակարգում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրն է: ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հովանու ներքո կազմակերպված բանակցություններին ներկա կլինեն ոչ միայն Ռուսաստանն ու Վրաստանը, այլեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պատվիրակները, սակայն վերջիններիս պաշտոնական կարգավիճակի շուրջ վեճը կողմերին ստիպել է մեկ օրով հետաձգել հանդիպման մեկնարկը:

Առաջին հանդիպումը` հոկտեմբերի 15-ին, ընդհատվել էր նույն խնդրի շուրջ առկա վեճի պատճառով: Վրացիներն անընդունելի են համարում օսերին եւ աբխազներին որպես բանակցող կողմ ճանաչելու առաջարկը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մինչդեռ, անցած շաբաթավերջին` Վաշինգտոնում միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցով գումարված 20 առաջատար երկրների գագաթնաժողովի օրերին ասել է, որ պաշտոնական Մոսկվան չի վերանայի Կովկասում երկու նոր կազմավորումները ճանաչելու որոշումը, հավելելով, թե նման բաների հետ «խաղ չեն անում»:

«Ռուսաստանը լիովին ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը` հաշվի առնելով ավելի վաղ Հարավային Օսիան եւ Աբխազիան որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ ճանաչելու հանգամանքը», - ասել է Մեդվեդեւը` փաստորեն, նկատել տալով, որ այդ հարցում Կրեմլի դիրքորոշումը վերջնական է:

Վրացական կողմը հայտնել է, որ Ժնեւում ռուսներից պահանջելու է զորքը դուրս հանել Վրաստանի ամբողջ տարածքից:

Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն է, Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարարի տեղակալ Մաքսիմ Գվինջիան:

Ներկայումս կողմերը փորձում են կարգավորել ընթացակարգային խնդիրները, ինչը թույլ կտա վաղը վերսկսել բուն բանակցությունները:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է զեկույց, որի համաձայն, Վրաստանի եւ Հարավային Օսիայի փաստացի սահմանին քաոսային վիճակ է տիրում, այնտեղ գործում են ավազակներ, մարդասպաններ եւ ահաբեկիչներ: Amnesty International-ի փորձագետների համոզմամբ` օգոստոսին տեղի ունեցած կարճատեւ պատերազմի օրերին տուժել են, նախեւառաջ, խաղաղ բնակիչները, կոպիտ խախտումներ են թույլ տվել թե' ռուսները եւ թե' վրացիները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG