Մատչելիության հղումներ

Այսօր Ուսանողության միջազգային օրն է


Օգտվելով առիթից` ուսանողները ներկայացրեցին իրենց հուզող եւ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները:

Ուսանողների ճնշող մեծամասնությանն անհանգստացնում են բուհերում տարեցտարի ավելացող վարձավճարները, բուհերում առկա կոռուպցիան, ուսխորհուրդների աշխատանքը, ռեկտորների անտարբեր վերաբերմունքը ուսանողների նկատմամբ:

Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը անդրադարձավ, առաջին հերթին, վարձավճարներին եւ նշեց, որ նախարարությունը բուհերի «ներքին խոհանոցին» չի խառնվում:

«Բուհերն իրենք են որոշում, թե որքան վճարները բարձրացնել` կառավարման խորհուրդների քվեարկությամբ: Սակայն խորհրդի նիստերի ժամանակ կարող եք բողոքել, քանի որ դուք` ուսանողներդ, 25 տոկոս ձայն ունեք, սակայն դա երբեւէ չեք անում եւ խոսում եք անարդարությունից», - հավելեց նա:

Նախարարն անդրադարձավ բուհերում առկա կոռուպցիոն խնդիրներին, որոնք ոչ մի կերպ չեն նվազում, քանի որ, ըստ նրա, ուսանողների մոտ չկա այդ ցանկությունը. - «Ուսանողները բողոքում են միայն այն ժամանակ, երբ, ասենք, մեկ ստուգարքի համար դասախոսը նախկին 10 հազար դրամի փոխարեն պահանջում է 15 հազար դրամ: Դուք պայքարում եք կաշառքի «գների» բարձրացման դեմ»:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ վարձավճարների զեղչումը պետք է կարգավորվի օրենքով եւ ոչ թե թողնվի ենթաօրենսդրական ակտերի վրա: Նրա խոսքով, այս դեպքում բուհերը զեղչերը իրենց հայեցողությամբ չեն կատարի: Սակայն նրան, հիմնականում, անհանգստացնում են ուսանողական խորհուրդները:

«Ուսանողական խորհուրդներն անտեսված են պետության կողմից, այդ իսկ պատճառով հետընթաց են ապրում», - ասաց Աշոտյանը:

Սպարտակ Սեյրանյանի համոզմամբ` ուսանողները պետք է համախմբվեն եւ պայքարեն կոռուպցիայի դեմ. առաջին հերթին` այցելեն կամ նամակ ուղարկեն նախարարություն:

Ուսանողներից մեկը հակադարձեց, որ նախարարը արդեն երեք ամիս է խոստանում է հանդիպել ուսանողության հետ` խոսելու հիմնախնդիրներից, սակայն հետաձգում է այդ հանդիպումները:

Նախարարը խոստացավ անպայման այցելել տարբեր բուհեր եւ հանդիպել ուսանողներին, սակայն` առանց ռեկտորների ներկայության:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG