Մատչելիության հղումներ

Սաշա Աֆյան. «Մարտի 1-ի օպերացիան ղեկավարել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը»


«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը հայտարարեց, որ մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանում հասարակական կարգի ապահովման պատասխանատուն ինքն է, սակայն մարտյան իրադարձությունների ժամանակ Հայկ Հարությունյանը ոստիկանության ղեկավար կազմին հատուկ հրահանգ է տվել:

«Նորից եմ կրկնում, որ նախկին ոստիկանապետի կողմից հրահանգ է իջեցվել», - շեշտեց ոտիկանության պետի տեղակալը:

Սաշա Աֆյանի հավաստմամբ` մարտի 1-2-ի զարգացումների ժամանակ ոստիկանական համակարգը ինքնապաշտպանության է դիմել. - «Իրենք էլ տեսնում էին, որ ոստիկանները այդտեղ ագրեսիվ չեն տրամադրված, այսինքն` ոստիկանները գնում են զիջումների: Ես չգիտեմ` ցուցարարները ինչո՞ւ հարձակվեցին ոստիկանների վրա, ինչո՞ւ հրկիզեցին ոստիկանական մեքենաները»:

«Բախման չէինք ուզում գնալ: Մեր նպատակը եղել է` հանդարտեցնել, խաղաղեցնել», - վստահեցրեց փոխոստիկանապետը:

Հանձնաժողովի անդամները եւ նիստին մասնակցող` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մի շարք հակասություններ մատնանշեցին ոստիկանության պետի տեղակալի պարզաբանումներում:

Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, ով մարտի 1-ին օրվա առաջին կեսին այդ դեպքերի ականատեսն է եղել, ասաց. - «Իհարկե, փաստերը ճիշտ էիք ասում, բայց տպավորությունը մի քիչ այն չէր, ինչ այնտեղ կատարվում էր: Որովհետեւ երբ ես այնտեղ եկա, ես գործ ունեի մարդկանց հետ, որոնք որեւէ ագրեսիվ տրամադրվածություն չունեին, այլ պարզապես էմոցիոնալ անկայուն վիճակում էին, որը ես ուղղակիորեն կապում եմ, թե ինչ էր կատարվել առավոտյան: Նույնիսկ այն տեղերը, որ իրենց առաջարկվում էր գնալ, նրանք չէին ցանկանում գնալ` վախենալով, որ այնտեղ իրենց կարող են ջարդել, փշրել եւ այլն: Դուք չե՞ք կարծում, որ պաշտպանության կարիք ունեին, պաշտպանվելու մասին էին մարդիկ մտածում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG