Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ին հարցազրույց է տվել «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը: «Ես կարծում եմ, որ ամենաուշը գարնանը Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կլինեն», - ասել է նա: Ի՞նչ դեր է ունենալու այդ ամենում Լեռնային Ղարաբաղի հարցը. - «Բոլոր հարցերն էլ իրենց չափով դեր են ունենալու: ԼՂՀ հարցը, իհարկե, շատ ցավոտ հարց է: Եթե այդ հարցում տանուլ տվեցինք` 100 տարվա մեջ երկրորդ անգամ կկոտրենք մեր ժողովրդին: Բայց ինչո՞ւ ենք մոռանում, թե ինչ վատ իրադրություն է ստեղծվել Հայաստանում ե'ւ տնտեսական, ե'ւ մարդկային-հասարակական հարաբերությունների առումով», - ասում է Երջանիկ Աբգարյանը: Ռոբերտ Քոչարյանի վերադարձի որեւէ հնարավորություն նա չի տեսնում: «Ես նաեւ չեմ հավատում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասություններին: Ռոբերտ Քոչարյանն էլ քաղաքական դիակ է. նա արդեն հավերժական թոշակառու է, եթե, իհարկե, մնա այդ կարգավիճակում, քանի որ նա ենթակա է պատասխանատվության եւ` ոչ միայն «Մարտի 1»-ի հարցով: Նա երկու անգամ անօրինական զավթել է իշխանությունը, եւ իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ սպանություններ են եղել», - հայտարարել է Երջանիկ Աբգարյանը:

«Հայոց Աշխարհ»-ը «Մարտի 1»-ի առթիվ գրում է. - «Տեր-Պետրոսյանն ու զինակիցները անկեղծորեն համոզված են, որ արդեն բոլորին են համոզել. գործը «շինծու» է, «սպանդը» կազմակերպել են իշխանությունները։ Դե եթե հատուկ քննչական ծառայությունը, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, սրան էլ վերադիր նորաստեղծ փաստահավաք խումբը մինչ օրս չեն արձագանքել իրենց զառանցանքներին, ուրեմն իրենք ճիշտ են։ Եթե հավատանք գործը «շինծու» լինելու մասին սրանց պնդումներին, դա մեզ շատ հեռուն կտանի։ Ասենք, եթե գործը «շինծու» է, ուրեմն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն էլ շինծու է եղել, ընդհանրապես նման բան չի եղել, փետրվարի վերջին տասնօրյակում Թատերական հրապարակում մարդու շունչ չի եղել, «տեղահանություն» էլ չի եղել, Մյասնիկյանի արձանի մերձակայքում անդորր ու դատարկություն է եղել, եւ այսպես շարունակ»։

«Հրապարակ»-ի խմբագիրը հիշում է. - «Ինչպես պատմում էր ղարաբաղցի ընկերս, Ղարաբաղում երբեք այսքան տագնապալից ու սպասումային վիճակ չի եղել, ինչպես այսօր: 20 տարում մարդիկ մի տեսակ «միամտվել էին», հանգստացել, համոզվել, որ այլեւս ԼՂՀ կարգավիճակի հարց չի բարձրացվելու, եւ ԼՂՀ անկախությունը, անկախ այն բանից` ճանաչված է թե ոչ, այլեւս կայացած իրողություն է, եւ աշխարհը պարտավոր է դրա հետ հաշվի նստել: Մեկ էլ հանկարծ ղարաբաղցիները պարզում են, որ դա այդքան էլ այդպես չէ, որ ոչ միայն ԼՂՀ կարգավիճակի հարցն է դրված, այլեւ ադրբեջանցիների վերադարձի ռեալ վտանգը կա: Իսկ ղարաբաղցին լավ գիտի, որ եթե ադրբեջանցին զգաց, որ Ղարաբաղը վերադարձնելու շանս կա, եւ դա անձամբ իրենից է կախված` ետ է գալու: Ընդամենը հարկավոր կլինի գաղթողների բնակվելու հարցը լուծել, իսկ դա կարվի նավթադոլարների եւ միջազգային կառույցների փողերով: Այդ դեպքում ի՞նչ է սպասվում` տագնապած հարցնում եմ ընկերոջս: «Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա, - թախծոտ աչքերով ասում է նա, - 10 տարի հետո անցկացվելիք հանրաքվեին բանը չի հասնի»:

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է Սերժ Սարգսյանի Ղարաբաղ այցին. - «Որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի նախապես պլանավորված այցի մասին Ղարաբաղում սովորաբար տեղյակ են լինում մի քանի օր կամ գոնե երկու օր առաջ: Այսինքն, այն, որ Ղարաբաղում անակնկալի են եկել Սարգսյանի ժամանումից, ապացուցում է, որ այցը, մեղմ ասած, կազմակերպվել է «ոտի վրա»: Այնքան «ոտի վրա», որ անգամ Արցախի հանրային հեռուստատեսությունը իր երեկոյան թողարկման ժամանակ բառ անգամ չի ասել այն մասին, որ Սարգսյանը գտնվում է Ստեփանակերտում: Անցյալ անակնկալ այցի ժամանակ ԼՂՀ նախագահականը գոնե երկու նախադասությամբ լուր էր տարածել այցի մասին»:

«Ժամանակ Երեւան»-ը տեղեկացնում է. - «Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սինան Օգանը օրերս համոզված պնդել է, որ այսօր «ԱՄՆ եւ ԵՄ տարածաշրջանում հիմնական նպատակներից մեկը»` Հայաստանը Nabucco ծրագրի մեջ ներառելն է: Նախագիծը, Օգանի համաձայն, քննարկվել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի` սեպտեմբեր ամսին Ադրբեջան կատարած այցի ժամանակ: «Սակայն այս, ինչպես եւ բոլոր մյուս ծրագրերը կախված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից», - պնդել է Օգանը: Վերջինս հիշեցրել է նաեւ, որ դեռեւս 90-ականների կեսերին ԱՄՆ-ն մեծ ջանքեր գործադրեց Հայաստանին` Բաքու-Ջեյհան նավթամուղի ծրագրում ներառելու համար: Ստացվում է, որ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու Եվրամիության նպատակն ուղղակիորեն կախված է հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծումից»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG