Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը մեջբերում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Բաքվում արած, ինչպես թերթն է նշում` «մինչ այսօր խնամքով թաքցրած» հայտարարությունը. - «Հուսով ենք, որ Ադրբեջանի գրավյալ տարածքները կվերադարձվեն այդ երկրին: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է ընդհանուր լեզու գտնեն այդ հարցով: Հանրաքվեի հարցը կարելի է քննարկել տարածքներն ազատելուց եւ այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո»:

Անդրադառնալով նույն թեմային, մասնավորապես` Բաքվում համանախագահների արած հայտարարություններին, «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը արձանագրում է. - «Մենք կարող ենք ասել, որ սրանք զուտ հայտարարություններ են, ադրբեջանական կողմի ցանկությունները, սակայն ոչ վաղ անցյալում էլ, երբ ադրբեջանցիները խոսում էին գրավյալ տարածքների վերադարձի մասին, այն ժամանակ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում լուրջ չէին վերաբերվում նման հայտարարություններին, մինչդեռ այսօր արդեն սա մայնդորֆյան փաստաթղթով վավերացված իրողություն է: Այնպես որ, եթե իրադարձություններն այսպես զարգանան, ու հանրաքվեի հարցը տարածքների վերադարձից հետո որպես հայկական կողմի մեծ հաղթանակ այնուամենայնիվ քննարկվի, ապա քննարկումները կլինեն այն մասին, թե ինչպես են մեկ միլիոն ադրբեջանցիները վերադառնալու Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ»:

«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ստեղծված Փաստահավաք խմբի թեմային, գրում է. - «Լուրն այն մասին, որ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը Փորձագետների փաստահավաք խմբում Անդրանիկ Քոչարյանն է, մեզ՝ հայրենի քաղաքական թատրոնի իսկական գիտակներիս, սաստիկ վշտացրեց։ Քանզի հանրապետության նախագահի հոկտեմբերի 23-ի Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ կարգադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է. - «Խմբի անդամ կարող են նշանակվել իրավագիտության ոլորտում հեղինակություն եւ բարձր փորձառություն ունեցող անձինք։ Խմբի անդամները չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավոր կամ որեւէ կուսակցության անդամ կամ հարել որեւէ քաղաքական ուժի»։ Համարել, թե Անդրանիկ Քոչարյանը հեղինակություն եւ բարձր փորձառություն ունի իրավագիտության ոլորտում կամ չի հարում ՀՀՇ-ին, կարող են միայն խելագարները»։

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ղարաբաղյան» եւ «մարտիմեկյան» լրատվության հոսքի մեջ, կարծես թե, աննկատ անցավ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Նինկե Օմեսի հայտարարությունն այն մասին, որ եթե մեր երկրում սպառողական գները զգալիորեն չնվազեն առաջիկա ամսվա ընթացքում, ապա նրա կազմակերպությունը ստիպված կլինի խոսել շուկայական մրցակցության սահմանափակության մասին: Բանն այն է, որ համաշխարհային գները նվազում են, իսկ մերը` ոչ, մի բան էլ` բարձրանում են, ինչը եւ թույլ է տալիս պնդել, որ գները Հայաստանում կարգավորվում են ոչ շուկայական մեխանիզմներով: Իհարկե, հայաստանցիների համար դա հայտնագործություն չէ. մեզ մոտ ցանկացած 8-րդ դասարանցուն հայտնի է, որ շաքարավազը Հայաստան է բերում այսինչը, իսկ բենզինը` այնինչը, եւ եթե նույնիսկ այն տեղերում, որտեղից նրանք այդ ապրանքները բերում են` գները նվազեն երկու անգամ, միեւնույն է` նրանք, մենաշնորհ ունենալով, դրանք կվաճառեն այն գնով, որով իրենք կցանկանան, եւ որով նրանց թույլ կտա իշխանությունը»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Նյու Յորքի արվարձան Միստիկում երեկ հայտնաբերվել են ռասիստական բնույթի մակագրություններ, որոնցով կոչ է արվում սպանել նորընտիր նախագահ Բարաք Օբամային: Նախագահի եւ պետության մյուս գլխավոր դեմքերի անվտանգության համար պատասխանատու գաղտնի ծառայությունը սկսել է տվյալ միջադեպի քննությունը: CBS հեռուստաընկերությունը հաղորդում է, որ անհայտ չարագործները ներկի բալոններով մակագրություններ են արել 40 ավտոմեքենաների վրա: Որոշ մակագրություններ սպառնալիքներ են պարունակում Օբամայի կյանքի համար»:

«Երկիր»-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցությունից փոխխոսնակ Ալեքսանդր Բաբակովի հանդիպումը Դաշնակցության պատվիրակության հետ` կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ: Հայկական կողմից ներկա են եղել նաեւ Դաշնակցության բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը եւ Մոսկվայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը: «Զրույցի ընթացքում արծարծվել են միջկուսակցական շփումների ընդլայնմանը, ռուս-հայկական հարաբերությունների խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, վերլուծվել է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում` դիտարկվել է Ղարաբաղյան կարգավորման խնդրադրույթը», - փոխանցում է թերթը:

«Չորրորդ իշխանություն»-ը, անդրադառնալով Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկություններում ստեղծված իրավիճակին, գրում է. - «Տարիներ շարունակ մի քանի օտարերկրյա ընկերություններ (թեեւ չար լեզուներն ասում են, որ դրանք այնքան էլ «օտարերկրյա» չեն) պղինձ եւ մոլիբդեն էին արդյունահանում ու գերշահույթներ ստանում: Ընդ որում, այդ ընթացքում, չգիտես ինչու, պղնձի եւ հատկապես մոլիբդենի միջազգային գները խստագույնս գաղտնի էին պահվում: Այդ գները պարզվում են միայն հիմա, երբ սեփականատերերն աղմուկ են բարձրացնում միջազգային շուկայում գնանկման առթիվ, ու հանկարծ պարզվում է, որ ընդամենը երկու ամիս առաջ պղնձի տոննան արժեր 8 հազար դոլար, իսկ մոլիբդենի տոննան` 80 հազար: Այսինքն, տարիներ շարունակ Հայաստանը պարզապես թալանվել է նույն վայրագությամբ, որով 19-րդ դարում Աֆրիկայի բրիտանական գաղութներն էին թալանվում»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG