Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Կիպրոսի խորհրդարանի հայազգի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանին:

Նախագահը կարեւորել է Մարիոս Գարոյանի այցը Հայաստան` ե'ւ որպես եղբայրական Կիպրոսի խորհրդարանի նախագահ, ե'ւ որպես հայրենակից, ով մեծ հաջողությունների է հասել` նման բարձր պաշտոն ու դիրք գրավելով:

Նշելով, որ Գարոյանը Հայաստանից դուրս հայ ամենաբարձր պետական պաշտոնյան է, նախագահը ասել է. - «Սա մեկ անգամ եւս խոսում է մեր ժողովրդի կարեւոր հատկանիշների մասին. տարածվելով աշխարհով մեկ` նրանք որդեգրել են մի սկզբունք` հեշտությամբ ինտեգրվել տվյալ հասարակության մեջ, առաջին հերթին դառնալ տվյալ երկրի լիարժեք քաղաքացի, ապա նոր` հայ»:

Մարիոս Գարոյանի խոսքով` Կիպրոսը ցանկանում է ընդլայնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջեւ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում: Նա նաեւ նշել է, որ երկու երկրները գործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության հարեւանության քաղաքականության շրջանակում:

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավորների, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG