Մատչելիության հղումներ

Համանախագահները կայցելեն Երեւան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը կլինեն Երեւանում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, նույն օրը կայանալու է միջնորդների հանդիպումը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախատեսված է հանդիպում նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Մեթյու Բրայզան ներկայումս Բաքվում են, որտեղ հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակը եւ հեռանկարները»:

«Թրենդ» գործակալության վկայությամբ` Բաքվում լրագրողների հետ զրույցում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, մասնավորապես, հայտարարել է. - «Հուսով ենք, որ Ադրբեջանի գրավյալ տարածքները կվերադարձվեն այդ երկրին: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է ընդհանուր լեզու գտնեն այդ հարցով»:

APA գործակալությունը, իր հերթին, փոխանցում է Բրայզայի հետեւյալ հայտարարությունը. - «Հանրաքվեի հարցը կարելի է քննարկել Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատելուց եւ այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո»:

Նա նաեւ հայտնել է, որ Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար համանախագահները առաջարկներ ունեն եւ հիմա աշխատում են դրանց վրա:



Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG