Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը բավական պեսիմիստ է Ղարաբաղի շուրջ ընթացող քննարկումների վերաբերյալ: «Անիմաստ քննարկումներ քաղաքական դաշտում» հոդվածում թերթը գրում է. - «Իրավիճակը մխիթարական չէ նաեւ իշխանությանն աջակցող ուժերի ճամբարում, որոնց ներկայացուցիչները «Ղարաբաղյան թեմատիկայի» բարդ տիրույթում վերջերս ժամանակից շուտ տարանջատվել էին Ղարաբաղի հարցում սեփական մոտեցումների բացակայությունը քողարկող «մեղմ» ու «կոշտ» գծի կողմնակիցների։ Առաջինները վստահություն էին հայտնում իշխանության անսխալականության շուրջ, ինչը որեւէ կերպ չէր նպաստում վերջինիս դիրքերի ամրապնդմանը, իսկ ահա երկրորդները սեփական գծի բացակայությունը փորձում էին քողարկել իշխանությանն ուղղվող խրոխտ, բայց դատարկ նախազգուշացումներով։ Հարց է առաջանում՝ որքանո՞վ այս ամենը նպաստեց Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում, երբ Ադրբեջանում քաղաքական ողջ դաշտը աներկբա կողմնորոշված էր որեւէ փոխզիջման բացառման եւ Հայաստանի հանդեպ ճնշումների ուժեղացման նպատակակետին»։

Սակայն մամուլը, չնայած այս պեսիմիզմին, շարունակում է քննարկումները: «Ժամանակ Երեւան» թերթում հանդես է եկել նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, որը համարում է, որ «արմատական ընդդիմադիր ուժը հետ է քաշվել եւ թույլ է տալիս, որ արտաքին աշխարհը հոշոտի Սերժ Սարգսյանին ու իր վարչակազմին». - «Մենք բոլորս գտնվում ենք մթնոլորտային ճնշման տակ, եւ եթե մենք չունենանք մեր ներքին ճնշումը, մթնոլորտը մեզ կճզմի: Նույնն է քաղաքականության մեջ. եթե երկրում չկա մի ուժ, որը հակակշռի իշխանությանը եւ կարողանա նաեւ վիճարկել իշխանության` երկրի համար ծայրահեղ, ոչ ցանկալի որոշումները, իշխանությունն իսկապես կենթարկվի արտաքին ճնշմանը եւ կընդունի այդ որոշումները: Ընտրությունների կեղծումից անմիջապես հետո ընդդիմությունը ամբողջ քաղաքակիրթ աշխարհից պահանջում էր ընդունել, որ այս ընտրությունները կեղծված են, եւ այս իշխանությունը իրավական հիմքեր չունի իշխանություն լինելու համար: Հիմա որոշել են, որ նրանք, ովքեր մեզ խանգարում էին, մեզ պետք է օգնեն»:

«Առավոտ»-ում հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը: «Երեւի հիմա ՀՀ իշխանություններն էլ են հասկացել, թե ինչ վիճակի մեջ են եւ ձեւեր են փնտրում Ղարաբաղի ձեռքերով մի բան անելու, փրկելու կամ տապալելու համար: Մարդկանց երեւի թվացել է, թե այսպես 100 տարի խաղալով կարելի է ապրել: Բայց գալիս է մի պահ, երբ հասկանում են՝ վիճակը լուրջ է, եւ փորձում են ինչ-որ ձեւեր գտնել դրանից դուրս գալու համար»: Նրա կարծիքով, ինչ-որ բան փոխելը, այնուամենայնիվ, ուշ չէ. - «Ի՞նչ է եղել, որ հիմա փոխեն: Դեռ ոչինչ չի եղել: Պիտի փաստաթուղթ ստորագրի (Սերժ Սարգսյանը), թո'ղ չստորագրի, թո'ղ գնա իրենց տուն: Լեւոնը գնաց, չէ՞: Ինքն էլ թող թողնի, գնա, ո՞վ կարող է իրեն ինչ-որ բան պարտադրել»: Մարվել Սարգսյանը գրեթե բացառեց, որ Լեռնային Ղաաբաղի հիմնախնդիրը կարող է Հայաստանում ներքաղաքական անկայունության, խժդժությունների առիթ դառնալ. - «Ձեզ թվում է, թե հիմա 100 հազարներով վեր են կենալու եւ կո՞ւրծք են ծեծելու, թե տարածքներն ինչի եք տալիս: Այդքան միամի՞տ եք»:

«Իրավունք դե ֆակտո»-ի մեկնաբանի կարծիքով, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի այս փուլում, «երբ առկա է արտաքին քաղաքական լուրջ ճնշում, քաղկալանավորների խնդիրը արեւմտյան ժողովրդավարների ձեռքին կարող է վերածվել լուրջ ճնշման գործիքի իշխանությունների նկատմամբ». - «Ավելին, ձերբակալվածների թվում քիչ չեն Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, որոնց համար կարգավորման ներկայիս տարբերակները ոչ միայն ընդունելի չեն, այլեւ կարող են դառնալ նոր հակադրության առաջացման առիթ: Այս իրողությունը թույլ է տալիս որոշ ընդդիմադիր կուսակցությունների պնդելու, թե համաներման կիրառումը ձգձգվում է, որովհետեւ կարող է հակադրության նոր ալիք առաջացնել, քանզի իշխանությունը հակված է համաձայնության գալու կարգավորման պարտվողական նախագծին»:

«Չորրորդ իշխանություն»-ը կրկին անդրադառնում է քննարկումների խնդրին. - «Քննարկում առայժմ չկա, բայց Սերժ Սարգսյանը, անկասկած, առաջիկայում ստիպված է լինելու քննարկումներ նախաձեռնել: Թե ինչպե՞ս կանի, իր գործն է. ձեւը մեզ առանձնապես չի հետաքրքրում: Մեզ այլ հարց է հուզում. ինչպե՞ս է այս անգամ փորձելու այդ ամենը ծառայեցնել իր շահերին: Բանն այն է, որ 10 տարի շարունակ ռեժիմը հենց այդպես է վարվել` շահարկել է Ղարաբաղյան խնդիրը եւ ամեն կերպ ամրապնդել է իր դիրքերը: Ամեն անգամ, երբ ընտրություններ են կեղծվել կամ «պատահաբար» ռեժիմի համար անցանկալի գործիչներ սպանվել, սրանք արտաքին աշխարհին խոստացել են Ղարաբաղյան խնդիրը փոխզիջումային ճանապարհով լուծել: Եվ ամեն անգամ արտաքին աշխարհը մատների արանքով է նայել ռեժիմի հանցագործություններին` հայտարարելով, թե այս պահին կայունությունը ժողովրդավարությունից ավելի կարեւոր է»:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Սերժ Սարգսյանի վերջին ելույթները անկասկած ակնհայտությամբ հաստատեցին ազգային, ավելի ճիշտ` համազգային առաջնորդի նրա նկրտումները: Այդ են հաստատում աստիճանաբար կուռ եւ հաստատուն համակարգի ձեւ ընդունող նրա ձեւակերպած գաղափարախոսական դրույթները, ինչպեսեւ, որ առավել կարեւոր է` այդ ամենը հայկական պետության ղեկավարի գործունեության պրակտիկայի մեջ իրագործելու ձգտումը: Հանուն արդարության խոստովանենք, որ որոշակի ազգային գաղափարախոսական հայտեր Սերժ Սարգսյանի կողմից բարձրաձայնվել էին դեռեւս մինչեւ նախընտրական շրջանի սկիզբը, եւ, բնականաբար, դրա ընթացքում: Սակայն այն ժամանակ դրանք, եթե անգամ լսվել էին, ապա ընկալվել էին որպես անխուսափելի պոպուլիստական տեխնոլոգիաներ: Չէ՞ որ անգամ այնպիսի, իր էությամբ խորապես հակազգային գործչի, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ընտրությունների նախօրեին փորձ էր արվում ազգային իմիջ տալ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG