Մատչելիության հղումներ

Արմեն Գեւորգյանը ընտրվել է ատոմակայանի փակման հատուկ հաշվի կառավարման խորհրդի նախագահ


Այսօր անդրանիկ նիստն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի կառավարման խորհուրդը` հայտնել են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատակարգի հաստատումից հետո` խորհուրդը նախագահ է ընտրել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին:

Կառավարության որոշման համաձայն` խորհրդի անդամներն են Հայաստանի տարածքային կառավարման, էներգետիկայի եւ բնական պաշարների, ֆինանսների, բնապահպանության նախարարները, ինչպես նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը:

Մինչեւ 2016 թվականը Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Մեծամորում տեղակայված սովետական տիպի ատոմակայանը փոխարինել նոր տիպի ատոմակայանով, որը կհամապատասխանի անվտանգության արեւմտյան չափանիշներին:

Եվրամիությունը հետեւողականորեն հայկական իշխանություններից պահանջել է` փակել Հայկական ատոմակայանը եւ պատրաստակամություն է հայտնել մինչեւ 100 միլիոն եվրո տրամադրել ատոմակայանի փակման աշխատանքների համար, որը եվրոպական պաշտոնյաների գնահատմամբ` չի համապատասխանում ժամանակակից անվտանգության չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG