Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ եվրոպական կառույցները մտահոգված են Ադրբեջանում օտարերկրյա լրատվամիջոցների եթերազրկման հեռանկարով


Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը մտահոգված են մինչեւ տարեվերջ «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների տեղական հեռարձակումները դադարեցնելու` Ադրբեջանի իշխանությունների մտադրությամբ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. - «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը կարող է դադարեցնել միջազգային լրատվամիջոցների տեղական հեռարձակումները: Միացյալ Նահանգները հավատացած է, որ միջազգային հեռարձակողները, ինչպես, օրինակ, «Ամերիկայի ձայն», «Ազատություն» եւ BBC ռադիոկայանները, նպաստում են Ադրբեջանում հանրային բանավեճին եւ խթանում Ադրբեջանի ժողովրդավարական զարգացումը: Նման հեռարձակումների դադարեցումը տագնապալի ուղերձ կլիներ: Մենք պարզաբանումներ ենք սպասում Ադրբեջանի կառավարությունից»:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Էնն Դերսին ընդգծել է, որ «Ազատություն» («Ազադլիգ») ռադիոկայանը «վիթխարի եւ անգնահատելի ներդրում է ունեցել Ադրբեջանում անցած 15 տարիներին»: «Այն Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի գործընկերության կարեւոր մասն է», - նշել է դեսպանը` խորը մտահոգություն հայտնելով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների հեռարձակման դադարեցման հնարավոր հետեւանքների կապակցությամբ:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, իր հերթին, մտահոգություն է հայտնել եւ հավելել. - «Հուսով եմ, Ադրբեջանը չի գնա այդ ճանապարհով, այլ, ընդհակառակը, կաշխատի մամուլում բազմազանություն եւ բազմակարծություն ապահովելու ուղղությամբ: Ադրբեջանում մամուլի հետ կապված իրավիճակը մեր օրակարգում շատ կարեւոր տեղ է գրավում, եւ մենք կշարունակենք հետեւել դրան»:

Տարածաշրջանում Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Անդրես Հերկելը, իր հերթին, հայտարարել է. - «Կարծում եմ, սա ոչ միայն Ադրբեջանում առանձին ռադիոկայանների, այլեւ հենց մամուլի ազատությանը վերաբերող հարց է: Միջազգային կազմակերպությունների ընդհանուր գնահատականն այն է, որ մամուլի ազատությունը Ադրբեջանում սահմանափակված է: Հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը կվերանայի այս ծրագիրը»:

Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհրդի նախագահը անցած շաբաթավերջին հայտարարել է, թե հանրային հաճախականություններով պետք է հեռարձակվեն միայն հանրային արտադրության ծրագրերը: Ըստ նրա, «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանները հետագայում իրենց ծրագրերը կարող են հեռարձակել արբանյակի միջոցով, կաբելային կապով եւ ինտերնետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG