Մատչելիության հղումներ

Մոսկվան կուսումնասիրի հակահրթիռային եւ միջուկային ոլորտների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները


Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրները «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել են, որ պաշտոնական Մոսկվան պատրաստվում է ուսումնասիրել Վաշինգտոնի առաջարկները` ամերիկյան հակահրթիռային համակարգի, ինչպես նաեւ միջուկային սպառազինության կրճատման մասին համաձայնագրի վերաբերյալ:

Միացյալ Նահանգները մի շարք առաջարկներ են ներկայացրել Ռուսաստանին` երկու երկրների միջեւ 1991 թվականին կնքված Ստրատեգիական սպառազինության կրճատման մասին համաձայնագրի (START) հնարավոր շարունակության եւ Արեւելյան Եվրոպայում` Վաշինգտոնի կողմից տեղադրվելիք հակահրթիռային համակարգի վերաբերյալ: Այսպիսով` ամերիկյան իշխանությունները հույս ունեն մեղմել Դմիտրի Մեդվեդեւի` նոյեմբերի 5-ին հնչեցրած անհանգստությունը, թե Լեհաստանում եւ Չեխիայում տեղադրվելիք հակահրթիռային համակարգերը, նախեւառաջ, ուղղված են Ռուսաստանի դեմ:

Դաշնային խորհրդում հնչեցրած ուղերձում Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր տեղադրել Կալինինգրադի տարածքում` որպես Արեւելյան Եվրոպայում տեղադրվելիք հակահրթիռային համակարգերը հակակշռող միջոց:
Նախկինում Ռուսաստանը նաեւ բարձրաձայնել է 1991 թվականին կնքված START համաձայնագրի նոր տարբերակ կնքելու անհրաժեշտությունը, քանի որ ռուսական եւ ամերիկյան միջուկային զինանոցի սահմանափակումներ մտցնող այս պայմանագրի ժամկետը լրանում է2008 թվականի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG