Մատչելիության հղումներ

Լրագրողների ներկայությամբ տուգանվեցին շուրջ 10-ը սպիտակ պետհամարանիշներով տաքսիներ


Վարորդներն անակնկալի եկան: Պետավտոտեսուչերից, տրանսպորտի եւ կապի ծառայության աշխատակիցներից բացի նրանց էին մոտենում նաեւ լրագրողները: Արձանագրվում էին խախտումներ` սպիտակ պետահամարանիշները դեղինով չփոխարինելու համար:
Վարորդներից ոմանք բորբոքվեցին` տեսնելով իրենց մոտեցող լրագրողների խումբը, մյուսները նշեցին, թե իրենք մեղք չունեն` տաքսի ծառայության տնօրինությունն է պատասխանատվությունը կրում, հաջորդներն էլ զարմացած էին մասսայական ստուգայցից:

Ներկայումս հանրապետությունում գործում են ընդհանուր առմամբ 423 լիցենզավորված տաքսի ծառայություններ, այդ թվում` 129 Երեւանում: Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն ասում է, որ բոլոր տաքսի ծառայությունները տեղեկացված են այն մասին, որ սպիտակ պետհամարանիշները պիտի փոխարինվեն դեղիններով` վերջնաժամկետն այս տարվա ապրիլի մեկն էր: Բայց արդյունքը դեռ գոհացուցիչ չէ. ասաց Հայկ Մարտիրոսյանը

Տաքսու վարորդներից մեկն ասաց, թե մեղքը նախարարությանն է, որ իրենց ժամանակին չեն տեղեկացրել օրենքի փոփոխության մասին, նրա խոսքին հաջորդեց տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակից պատասխանը, որը հարցրեց, թե ինչու՞ տաքսու վարորդները տեղյակ չեն մի օրենքից, որի մասին գիտի ողջ հանրապետությունը:

Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց աշխատանքային պրակտիկայում հանդիպում են այնպիսի տաքասի ծառայություներ, որոնք, ունենալով մոտ 20 մեքենա, լիցենզավորել են միայն 3-ը: Նա խնդրեց բոլոր տաքսի ծառայությունների տնօրեններին` արագացնել սպիտակ պետհամարանիշները դեղինով փոխարինելու գործընթացը:

«Իսկ այն տրանսպորտային անհատ փոխադրողներն ովքեր սպասողական վիճակում են, որպեսզի ԱԺ-ում ընդունվի պետական տուրքի մասին իրենց մասով նվազեցված խնդիրը` ժամանակավորապես պիտի երթեւեկությունը ընդհատեն»,-ընդգծեց Մարտիրոսյանը:

«Տաքսի տուր» ծառայության փոխտնօրեն Ջանիկ Սարգսյանը «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց, թե փաստաթղթային գործընթացները ձգձգում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը, իսկ օրինակ իրենք` լիցենզավորել են իրենց բոլոր մեքենաները:

Միջոցառումն այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում սկսվել է նաեւ Արագածոտնի մարզում եւ ուղիղ մեկ ամիս շարունակվելու է ողջ հանրապետության տարածքում: Հաջորդ անգամ մասսայական ստուգում-շրջայց է կազմակերպվելու երթուղայինների գերծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու համար:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG