Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամային:

Ուղերձում, որի տեքստը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան, եւ մեր երկրների միջեւ կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Ամերիկայի հայկական համայնքի խոշորագույն կառույցներն ինձ բազմիցս իրենց ոգեւորությունն են փոխանցել Ամերիկայի ժողովրդին Ձեր խոստացած փոփոխությունների վերաբերյալ: Բարձր եմ գնահատում հայ ժողովրդի խնդիրների շուրջ Ձեր տեղեկացվածությունն ու մոտեցումները: Հավատում եմ, որ ամերիկահայերը կդառնան մեր երկրները կամրջող ամուր օղակ»:

«Հայ ժողովուրդը երախտապարտ է Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից առ այսօր: Շարունակելու ենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի այդ օժանդակությունը նպաստի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական վերելքին», - գրել է Հայաստանի նախագահը իր ուղերձում:

Սերժ Սարգսյանը ընդգծել է նաեւ, որ «ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի նաեւ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»։

Ազգային ժողովի փոխխոսնակ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք «մեծ հույսեր են կապում» Օբամայի հետ` որ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ ամերիկահայ համայնքը «ակտիվորեն պաշտպանեց Օբամայի թեկնածությունը»:

«Նախ եւ առաջ պետք է շնորհավորել Օբամայի հաղթանակը եւ հույս ունենալ, որ ԱՄՆ-ի նոր նախագահը կկատարի իր խոստումները` հատկապես կապված Ցեղասպանության ճանաչման հետ: Նաեւ, որպես [ԵԱՀԿ] Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, իր դիրքորոշմամբ [Օբաման] կազդի Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման առումով», - ասաց Դաշնակցության ղեկավար անդամը:

«Կարծում եմ, որ Բարաք Օբամայի` Սպիտակ տուն գալը ավելի կխորացնի հայ-ամերիկյան հարաբերությունները` ի շահ մեր երկու պետությունների եւ ժողովուրդների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG