Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ինչպես եւ սպասվում էր, նոյեմբերի 2-ին Մայենդորֆում երեք երկրների նախագահների կողմից ստորագրված Հռչակագիրը հնարավորություն տվեց Հայաստանում թե' իշխանությանը եւ թե' ընդդիմությանը միաժամանակ պնդել, որ այդ փաստաթուղթը մեկին մեկ հաստատում է իրենց դիրքորոշումն ու կանխատեսումները: Այսինքն` Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի ստորագրած փաստաթուղթը մեր ընդդիմությանը եւս մեկ առիթ տվեց բացականչելու` «Ըհը~, տեսա՞ք, որ Սերժը Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին»: Նույ փաստաթղթի հիման վրա իշխանությունը նույն համոզվածությամբ բացականչում է` «Ըհը~, տեսա՞ք, որ ոչ մի բան էլ չենք հանձնում»: Իրար տրամագծորեն հակասող մեկնաբանությունների պատճառը, ըստ թերթի խմբագրի, բուն Հռչակագրի բովանդակությունն է. - «Այն գրված է դիվանագիտական «թռչնային լեզվով», որի խուճուճ ձեւակերպումներից կարելի է անել չափազանց տարբեր եզրակացություններ: Ամեն ինչ կախված է «եզրակացնողից» ու նրա շահերից»:

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք դաշնակցական Վահան Հովհաննիսյանի պատասխանը հետեւյալ հարցին` կարելի՞ է արդյոք նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը երաշխիք համարել, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվելու պատերազմի միջոցով: Հովհաննիսյանը արձագանքել է. - «Որեւէ պարագայում նման երաշխիք չի կարող լինել, սակայն հռչակագիրը հավելյալ հուսադրող հիմքեր է առաջացնում։ Եթե հռչակագիրը սահմաներ, թե Մադրիդյան սկզբունքները վերջնական ու անդառնալի են, ապա ազատագրված տարածքներ հանձնելու մտահոգությունը կպահպանվեր: Մտահոգվելու պատճառներ հիմա էլ կան, սակայն հռչակագիրը հստակ սահմանում է, որ հակամարտությունը քաղաքական ընթացքով կարգավորելու հիմնական սկզբունքները դեռ պետք է մշակվեն։ Սա կարեւոր նպատակ է եւ, Մադրիդյան սկզբունքները հաշվի առնելով, դրանք պետք է զարգացնել։ Բանակցությունները շարունակվում են հենց այս նպատակով, որ մեզ համար մտահոգիչ այդ դրույթները վերացվեն կամ շրջանցվեն»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Սարգիս Հացպանյանի` նախօրեին տված հարցազրույցից հետո Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 35-105 հոդվածի հատկանիշներով («Պետական գործչի սպանության նախապատրաստում»). - «Հացպանյանը հարցազրույցում խոսում է Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին: Երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության քննիչները նախ փորձել են հարցազրույցը պատրաստած «Հայկական ժամանակ»-ի լրագրողին առանց ծանուցագրի հրավիրել, այսպես կոչված, զրույցի, ինչը օրենքի խախտում է: Ավելի ուշ նրանք խմբագրություն են ներկայացել ծանուցագրով, որտեղ նշված չի եղել, թե ինչ քրգործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով է լրագրողը հրավիրվում հարցաքննության, ինչը կրկին օրենքի խախտում է: Եվ միայն այն բանից հետո, երբ ԱԱԾ-ականները համոզվել են, որ «Հայկական ժամանակ»-ի լրագրողն ապօրինի ծանուցագրերով չի ներկայանա, բերել են նոր ծանուցագիր, որտեղ արդեն նշված է եղել քրգործը եւ հրավիրվողի կարգավիճակը` վկա»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ինքը նոյեմբերի 3-ին «Ար» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդման հյուրն է եղել: Իսկ տեսանյութը հեռարձակվել է գրաքննված, էական կրճատումներով: Հանվել է իշխանություններին ուղղված քննադատությունը: «Երկու հեռուստաընկերություն ունենալու հաճույքը վայելող Վարդանյանների «հայրենասեր» ընտանիքին ծառայող հեռուստափինաչիները, անշուշտ, հասկանում են, որ զազրելի արարք են կատարել: Բա ի՞նչ անեն: Հենց որ չափն անցնեն, իրենց «կփակեն»: Չափը մի անցեք, սիրելիներս, գնացեք` ռեպորտաժներ արեք փղերի հարսանիքներից, «Գրանդ եսիմինչների» համբալների մրցույթներ կազմակերպեք, միայն հանգիստ թողեք հայոց բախտն ու ճակատագիրը, թոզ մի փչեք հասարակության աչքերին», - ասված է հայտարարության մեջ»:

«Ազգ» թերթն արձանագրում է. - «ԱՄՆ-ում այսօր արդեն ավարտված նախագահական ընտրությունները մի շարք առումներով պատմական են: Նախ՝ առաջին անգամ գերհզոր այդ տերության ղեկին է հավակնում աֆրոամերիկյան ծագումով թեկնածուն` Բարաք Օբաման, որի հակառակորդն է տիպիկ ամերիկացի` անգլոսաքսոնական ծագումով Մակքեյնը: Ընտրությունները պատմական են նաեւ իրենց մասնակցության աննախադեպությամբ: Ըստ հաղորդագրությունների, ընտրատեղամասերի առաջ հսկայական հերթեր են գոյացել, եւ հազարավոր ամերիկացիներ, ովքեր նախկինում անտարբեր էին ընտրությունների նկատմամբ, այս անգամ որոշել են անպայման իրենց մասնակցությունը ունենալ աննախադեպ այս գործընթացին»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. - «Ուկրաինայի Գերագույն ռադայի հանձնաժողովի ղեկավար Վալերի Կոնովալյուկը Ցխինվալիում հայտարարել է, որ Ուկրաինան բարոյական պատասխանատվություն է կրում Հարավային Կովկասում տեղի ունեցածի համար: Այն բանի համար, որ նրա տեխնիկայով ու զենքով սպանում էին խաղաղ բնակիչներին ու ռուսաստանցի խաղաղախահներին: «Մենք հարցեր ունենք նրանց, ովքեր կազմակերպում էին այդ մատակարարումները, քանի որ դրանց ծավալները գերազանցում էին պաշտպանության կարիքները», - ասել է նա: - «Դա հարձակողական սպառազինություն էր, որը բացահայտորեն միտված էր ռազմական գործողություն պատրաստելուն եւ ագրեսիա սկսելուն: Սա ուկրաինական խորհրդարանի առաջին հանձնաժողովն է, որը զբաղվում է Վրաստան Ուկրաինայի զենքի մատակարարումների քննությամբ, եւ նա հետաքննությունը ավարտին կհասցնի, չնայած այն բանին, որ մշտական խոչընդոտների է բախվում»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG