Մատչելիության հղումներ

Սայաթ Շիրինյան. «Ոստիկանության ղեկավարության դիրքորոշումը միանշանակ է` ամեն կերպ աջակցել ժամանակավոր հանձնաժողովին»


Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը այսօր հայտարարեց, որ ոստիկանության ղեկավարության դիրքորշում միանշանակ է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովին ամեն կերպ աջակցելու առումով:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վերջերս դժ•ոհություն էր հայտնել, թե իրավապահները երբեմն ոչ ժամանակին եւ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում հանձնաժողովին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Շիրինյանն ասաց, թե չի կարծում, որ իրավապահներն ունեն որեւէ դիտավորություն կամ միտում` հանձնաժողովի հետ չհամագործակցելու:

«Համագործակցության ընթացքում եթե փոքր-ինչ անճշտություններ են եղել, իհարկե, մենք կիմանանք, պատճառը ինչումն է կայանում եւ անպայմանորեն կհստակեցվի: Ոստիկանության ղեկավարության դիրքորոշումը միանշանակ է` ամեն ինչ անել, աջակցել, օժանդակել, որ հանձնաժողովը կարողանա իր ամբողջական եզրահանգմանը գալ: Այնպես որ, որեւէ խնդիր ես չեմ տեսնում», - հայտարարեց նա:

Գնդապետ Շիրինյանը հրապարակեց այս տարվա անցած ինը ամիսների տվյալները: Ըստ այդմ` հանրապետությունում հանցագործության աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 2008-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 6825 հանցագործության դեպք, նախորդ տարվա 6510-ի դիմաց, 281 դեպքով (2571-ից 2852) աճել են ծանր հանցագործությունները, իսկ 6-ով` առանձնապես ծանրերը (136-ից 142)։

Ըստ պաշտոնյայի, դա պայմանավորված է հիմնականում «հանցագործությունները հաշվառումից թաքցնելու պրակտիկայի, եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության կողմից այդ երեւույթի նկատմամբ անհանդուրժողականության եւ իրականացված նպատակային քաղաքականությամբ»:

«Իսկ ինչ վերաբերում է հանցագործությունների բացահայտման նվազմանը, ասեմ, որ դա հիմնականում պայմանավորված է նախագահական ընտրություններով եւ հետընտրական զարգացումներով», - շարունակեց նա: - «Դուք շատ լավ տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները աշխատել են գերծանրաբեռնված եւ, բնականաբար, այդ հանգամանքը չէր կարող չանդրադառնալ նաեւ հանցագործությունների բացահայտման արդյունավետության վրա»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG