Մատչելիության հղումներ

Հարություն Ղարիբյանը «Մարտի 1»-ի գործով դատապարտվեց 3 տարվա ազատազրկման


Երեւանի քրեական դատարանը այսօր Հարություն Ղարիբյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ»:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն` Ղարիբյանը մեղադրվում էր մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջականորեն մասնակցելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, նա Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ ոտքերով հարվածել էր ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի մի աշխատակցի, ինչպես նաեւ քարեր էր նետել զանգվածային անկարգությունների մասնակիցների հարձակումից փախուստ կատարող ոստիկանության նույն բաժնի աշխատակիցների ուղղությամբ:

Դատարանը գործը քննել է արագացված դատաքննության կարգով եւ նշանակել է տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված ամենամեղմ պատիժը:

Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասը նախատեսում է 3-ից մինչեւ 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG