Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունը դրական եւ արդյունավետ է գնահատում մոսկովյան հանդիպումը


Հայաստանի արտգործնախարարությունը դրական եւ արդյունավետ է համարում նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

«Գտնում ենք, որ այն, հատկապես հռչակագրի ստորագրումը, լուրջ խթան կհանդիսանա բանակցությունների հետագա ընթացքի համար, քանի որ նշվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի քաղաքական ուղիով, Մինսկի խմբի շրջանակներում ու Մադրիդյան առաջարկների հիման վրա: Կարեւորվեց նաեւ միջազգային երաշխիքների նշանակությունը, որոնք պետք է ուղեկցեն կարգավորման գործընթացին», - ասաց Բալայանը` հավելելով. - «Մենք ողջունել ենք Ռուսաստանի նախագահի այդ նախաձեռնությունը եւ կարեւոր ենք համարում այն նոր փուլ բացելու համար` բանակցությունները ակտիվացնելու առումով»:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմի երեկվա հայտարարության առնչությամբ, թե միջազգային սկզբունքների եւ նորմերի մասին խոսելիս հիմք է ընդունվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի որ այն «միջազգային իրավունքում վեր է դասվում ինքնորոշման իրավունքի սկզբունքից», Տիգրան Բալայանը ասաց. - «Դա Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի սուբյեկտիվ կարծիքն է: Նախորդ օրը նախագահը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ տարածքային ամբողջականության մասին որեւէ խոսք չկա, եթե ինքը պրոբլեմներ ունի նախագահի ստորագրած փաստաթղթի հետ, ապա դա մեր խնդիրը չէ»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի ենթադրյալ միջնորդությանը, ապա, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի պաշտոնակատարի խոսքերով, «ինչպես նախարարը [Էդվարդ Նալբանդյանը] հայտարարեց իր վերջին ասուլիսում, Թուրքիայի միջնորդության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, եւ միջնորդները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն են»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG