Մատչելիության հղումներ

Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացուցիչների հարցը «որոշվելու է նախագահի նստավայրում»


Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող փաստահավաք խմբում կոալիցիոն քաղաքական ուժերը ներկայացուցիչների հարցը, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, պատգամավոր (ՀՅԴ) Արտաշես Շահբազյանը, որոշվելու է նախագահի ապարատում:

Միեւնույն ժամանակ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը այդ խմբում` Անդրանիկ Քոչարյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե խմբում չապահովվի միջազգային փորձագետների մասնակցությունը, եւ եթե խոչընդոտներ ստեղծվեն իրենց մասնակցությանը, ապա ընդդիմությունը կվերանայի իր մասնակցության հարցը:

«Միջազգային փորձագետների ներգրավումը ես ինքս շատ եմ կարեւորում, եւ կարեւորում է նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը», - ասաց Քոչարյանը: - «Առանց այդ փորձագիտական խմբի լիարժեքությունը ոնց որ պակաս լինի... Իսկ եթե դա չլինի, եւ խոչընդոտներ լինեն անհաղթահարելի, ապա բնական է մեկ ամիս հետո կլինեն որոշակի •նահատականներ: Ես կարծում եմ, որ եթե լինեն անհաղթահարելի խոչընդոտներ, անպայման կգործի այդ վերջնաժամկետը, որովհետեւ եթե դու պետք է կատարես որոշակի գործողություններ, եւ դա դառնում է անհնարին, իսկ հնարավոր կդառնա միջազգային փորձագիտական խմբի առկայության դեպքում, ապա կարծում եմ, որ մեկ ամիս հետո մենք մեր եզրակացությունը կտանք»:

Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը անցած շաբաթ տարածած համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ «եթե մեկամսյա ժամկետում չկատարվի առնվազն միջազգային փորձագետներին խմբում ներգրավելու պահանջը, ապա իրենք կվերաքննարկեն փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարությունը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG