Մատչելիության հղումներ

Կոալիցիան չի շտապում հրապարակել Փաստահավաք խմբում իր թեկնածուների անունները


Իշխող կոալիցիան դեռեւս չի շտապում հրապարակել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող փաստահավաք խմբում իր կողմից առաջարկվող երկու թեկնածուների անունները: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը, այդ հարցով քննարկումները դեռեւս շարունակվում են:

«Բավականին ժամանակ կա` մինչեւ մեկ շաբաթ, մեկ շաբաթվա ընթացքում կոալիցիան կճշտի, թե ում պետք է ներկայացնի: Շտապելու խնդիր չունի կոալիցիան», - ասաց Նիկոյանը:

Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի, հոկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած կարգադրությունը պետք է ուժի մեջ մտներ պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրվանից: Կարգադրությունը տեղեկագրում հրապարակվել է հոկտեմբերի 29-ին, հետեւաբար` ուժի մեջ է մտել հոկտեմբերի 30-ից: Կարգադրության համաձայն, Փաստահավաք խմբի անդամներն առաջադրվում են հանրապետության նախագահին` փաստաթուղթն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

Ընդդիմությունը փաստահավաք խմբում իր ներկայացուցիչների անունները հրապարակեց շաբաթ օրը` կարգադրությունը ուժի մեջ մտնելուց երկու օր անց: Միեւնույն ժամանակ, թե' «Ժառանգություն» կուսակցությունը եւ թե' Հայ ազգային կոնգրեսը հայտարարել են, որ Սերժ Սարգսյանի ստորագրած կարգադրությունը հակասում է օրենսդրությանն ու Սահմանադրությանը, եւ առաջարկել են պատգամավորներին ու մարդու իրավունքների պաշտպանին վիճարկել այդ փաստաթղթի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը որպես իրավաբան արտահայտել է իր հատուկ կարծիքը, ըստ որի, քանի որ նախագահի կարգադրությունը հակասում է Սահմանադրությանը, ուստի չպետք է մասնակցել Փաստահավաք խմբի աշխատանքներին:

«Ցանկացած մասնակցություն պետք է տեղի ունենա օրենքի հիման վրա եւ օրենքի շրջանակներում, մինչդեռ այս կարգադրությամբ ստեղծվել է մի մարմին, որի ստեղծումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված չէ, եւ Հայաստանի Հանրապետության նախագահը նման լիազորություններով օժտված չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Փոստանջյանը:

Ըստ նրա, նախագահն իր կարգադրությամբ սահմանել է իրավունքներ եւ պարտականություններ մարդու իրավունքների պաշտպանի, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, մինչդեռ «ցանկացած պարտադիր իրավունքներ եւ պարտականություններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար սահմանվում են միայն եւ միայն օրենքներով»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG