Մատչելիության հղումներ

«Սիլ գրուպ»-ը դատապարտում է իշխանություններին «քաղաքական վրեժխնդրության» համար


«Սիլ գրուպ» կոնցեռնը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում «աշխատանքային ամբողջ կոլեկտիվի, ինչպես նաեւ իր կազմում գտնվող եւ համագործակցող կազմակերպությունների անունից դատապարտում է երկրի իշխանություններին (այդ թվում` դատական), Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ քաղաքական վրեժխնդրություն դրսեւորելու համար»:

«Քաղաքական վրեժխնդրության զոհ են դարձել մասնավորապես` «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը, «Պարես Արմենիա» ընկերությունը («Ֆիլիպ Մորիս»-ի պաշտոնական ներկայացուցիչը), «Պիցցա դի Ռոմա» ընկերությունը, «Սպորտ Թայմ» ընկերությունը («Ադիդաս»-ի պաշտոնական ներկայացուցիչը), «Երեւանի Ալրաղաց» ընկերությունը եւ «Նոր Շին» ընկերությունը: Այս կազմակերպությունները ակնհայտորեն կրում են մեծ չափերի հասնող վնասներ», - ասված է հայտարարությունում: - «Միայն «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի վրա արգելանքներ դնելու եւ բռնագանձման գործընթաց սկսելու արդյունքում, ոչ միայն տուժել է ընկերությունը, ընկերության արտասահմանյան ներկայացուցչությունները եւ ընկերության արտադրատեսակների վարկանիշը, այլ նաեւ 483 աշխատողներ մատնվել են հարկադիր պարապուրդի»:

«Սիլ գրուպ»-ը դատապարտում է «բոլոր այն դատավորներին, որոնք երդվել են ղեկավարվել միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով, մինչդեռ անտեսում են այդ բարձր ուժ ունեցող նորմերը»:

«Այս մոտեցմամբ գործող իշխանությունը մի բան է ապացուցել, որ այն գործարարները, որոնք կհանդգնեն չառաջնորդվել իրենց խաղի կանոններով, կպատժվեն կամայականության գործիքներով ամենայն խստությամբ», - հայտարարում է «Սիլ գրուպ»-ը եւ բոլոր գործարարներին կոչ անում պաշտպանել Սուքիասյանների ընտանիքին` «դրանով իսկ պաշտպանելով բոլոր ձեռնարկատերերին հնարավոր կամայականություններից»:

«Բջնի» գործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: Այս տարվա հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, ինչի հետեւանքով ընկերությունը ներկայումս պարապուրդի է մատնված:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:


(Լուսանկարում` «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG