Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը օրակարգի հարցերի փոխարեն քննարկել է Ռուստամ Իբրահիմբեկովի հայտարարությունը


Ադրբեջանական խորհրդարանը այսօրվա նիստը սկսել է ոչ թե օրակարգային հարցերի, այլ Ադրբեջանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, գրող, դրամատուրգ եւ կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի մի հայտարարության քննարկմամբ, որով նա իբր վիրավորել է ադրբեջանցի ժողովրդին:

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատգամավոր Յաղուբ Մահմուդովը խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում ասել է, թե ռուսաստանյան «Պրավդա» թերթին տված հարցազրույցում Իբրահիմբեկովը վիրավորել է ադրբեջանցի ժողովրդին, քանի որ կարծիք է հայտնել, որ Բաքվից հայերի դուրս գալով քաղաքի վերնախավը դադարել է գոյություն ունենալ:

«Եթե նա հայերի հետ կինո է նկարահանում, Ադրբեջանը դրա հետ գործ չունի: Ես չեմ ճանաչում նման ադրբեջանցի մտավորականի», - հայտարարել է Մահմուդովը, որին նույն բովանդակությամբ ելույթներով հաջորդել են այլ խորհրդարանականներ եւս: Նրանք կարծիք են հայտնել, թե խորհրդարանը պետք է վերաբերմունք արտահայտի Իբրահիմբեկովի հայտարարության առնչությամբ, իսկ Իբրահիմբեկովը, իր հերթին, պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից:

APA գործակալության փոխանցմամբ` խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը ելույթի հնարավորություն չի տվել այլ կարծիք ունեցող պատգամավորներին: Ի վերջո, խոսնակը դադարեցրել է տվյալ թեմայով ելույթները եւ հորդորել վերադառնալ օրակարգի հարցերին:

«Ես գտնում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը ամբողջությամբ էլիտար է: Մեր մտավորականության ներկայացուցիչը նա է, ով դժվար պահին եղել է Ադրբեջանի կողքին», - հայտարարել է Ասադովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG