Մատչելիության հղումներ

Խորվաթիան` Եվրամիությանը անդամակցության ճանապարհին


Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ առաջին անգամ հայտարարելու է, որ Խորվաթիան հաջողությամբ ընթանում է Եվրամիությանը անդամակցության ճանապարհով: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի զեկույցի նախագիծը:

Համաձայն փաստաթղթի` «ակնկալվում է, որ Խորվաթիան անդամակցության բանակցությունների վերջնական փուլին կհասնի մինչեւ 2009 թվականի վերջը, եթե ձեռնարկի անհրաժեշտ նախապատրաստական քայլերը»:

Եվրամիության աղբյուրների վկայությամբ` անդամակցության բանակցություններն ավարտին հասցնելու համար 4,4 միլիոն բնակչություն ունեցող Խորվաթիան պետք է արդյունավետ պայքար մղի կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ եւ մի շարք բարեփոխումներ իրականացնի տնտեսական ոլորտում:

Զեկույցի նախագծում ասված է նաեւ, որ Մակեդոնիան չի համապատասխանում Եվրամիությանը անդամակցության քաղաքական չափանիշներին, Թուրքիան պետք է արագացնի բարեփոխումները, իսկ Սերբիան հաջորդ տարի կարող է դառնալ Եվրամիության անդամի թեկնածու, եթե թափ հաղորդի բարեփոխումներին եւ լիարժեք համագործակցի նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանի հետ:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ` Եվրահանձնաժողովը իր զեկույցում ողջունելու է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ Կովկասում կայունություն հաստատելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերը, ինչպես նաեւ այդ երկրում իրականացված որոշ տնտեսական բարեփոխումներ:

Մինչեւ նոյեմբերի 5-ին Եվրահանձնաժողովի կողմից վերջնական ընդունումը փաստաթուղթը կարող է փոփոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG