Մատչելիության հղումներ

Ջորջ Ռադանովիչի գրասենյակը «սիբիրախտի հարուցիչով» նամակ է ստացել


Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջորջ Ռադանովիչի Մոդեսթոյի գրասենյակը երեկ առավոտյան իբր «սիբիրախտի հարուցիչ» պարունակող ծրար է ստացել, որում, ինչպես հետո պարզվել է, որեւէ վտանգավոր բան չի եղել:

ModBee.com կայքէջի փոխանցմամբ` նույն օրը ավելի քան 120 նույնպիսի ծրարներ են տարածվել ամբողջ երկրով մեկ, այդպիսիք փոստով ստացել են Կալիֆորնիայի, մայրաքաղաք Վաշինգտոնի եւ Հյուսիսային Կարոլինայի հիմնական լրատվամիջոցների խմբագրությունները:

Հետաքննությունների դաշնային բյուրոն չորեքշաբթի կեսօրից հետո ձերբակալել է 66-ամյա Մարկ Քեյզերին եւ նրան մեղադրանք է առաջադրել կեղծ նամակներ ուղարկելու մեջ: Քեյզերը ներկայումս գտնվում է Սակրամենտոյի բանտում:

Իրավապահները կարծում են, որ այդ նամակները իրական վտանգ չեն պարունակում, եւ տեղի ունեցածը ընդամենը իրենց զգոնությունը ստուգելու փորձ է:

Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներից մեկը, Ռադանովիչի գրասենյակում ստացված նամակում եղել է սպիտակ փոշով փոքրիկ տոպրակ` «Սիբիրախտի նմուշ» պիտակով, իսկ փոշու հետազոտությամբ վտանգավոր բան չի հայտնաբերվել:

Վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել նաեւ Վաշինգտոնում եւ Հյուսիսային Կարոլինայում տարածված նմանատիպ ծրարներում:

Նամակը ստանալու պահին Ռադանովիչը գրասենյակում չի եղել: Կոնգրեսականի խոսնակը հայտնել է, որ գրասենյակի երկու աշխատակիցներ բուժզննության են ենթարկվել տեղի հիվանդանոցում եւ լիովին առողջ են ճանաչվել:

Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ակտիվ անդամներից է, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագծի համահեղինակներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG