Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դեյվիդ Միլիբենդի եւ Քերոլին Ֆլինթի հետ, այցելել Լորդերի պալատ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության պետքարտուղար Դեյվիդ Միլիբենդի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Մեծ Բրիտանիայի հետ համակողմանի եւ բազմաբովանդակ փոխշահավետ համագործակցության զարգացումը, եւ իր այցը այդ ուղղությամբ Հայաստանի հաստատակամության հավաստումն է:

Նրա խոսքերով` հայ-բրիտանական քաղաքական երկխոսությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, եւ երկու երկրների համագործակցության առաջնային խնդիրներից է վերոհիշյալ ոլորտներում հարաբերությունների ակտիվացումը:

Տարածաշրջանային հակամարտությունների ենթատեքստում, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ղարաբաղան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ եւ հույս հայտնել, որ համապատասխան քաղաքական կամքի դրսեւորման պարագայում կողմերը կարող են հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը:

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին` ընդգծելով, որ գործընթացի նպատակն է դրանց լիակատար կարգավորումը, եւ Հայաստանը հաստատակամ է շարունակել քայլերն այդ ուղությամբ: Դեյվիդ Միլիբենդը բարձր է գնահատել Հայաստանի քայլերը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Քերոլին Ֆլինթի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, մասնավորապես` Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի երկկողմ համագործակցությունը ԵՀՔ-ի շրջանակներում: Նալբանդյանն ու Ֆլինթը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերին, այդ թվում` հակամարտությունների կարգավորման հեռանկարներին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարն այցելել է նաեւ Միացյալ Թագավորության Լորդերի պալատ, ուր հանդիպել է հայ-բրիտանական համակուսակցական բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ճաշ են տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Լոնդոն կատարած այցի շրջանակներում նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatam House), հարցազրույցը BBC ռադիոկայանին, հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:


(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Դեյվիդ Միլիբենդ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG