Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը «Սիցիլիական կրքեր» վերնագրված խմբագրականում գրում է. - «Ի՞նչ է կատարվում հայոց աշխարհում: Ինչո՞ւ են կրքերն այսքան շիկացել: Եվ ինչո՞ւ է մարդ սպանելն այսքան հեշտացել: Մի՞թե հարցեր լուծելու մնացած բոլոր եղանակներն այլեւս չեն բավարարում մարդկանց, եւ միակ ելքը մնացել է մարդուն ֆիզիկապես ոչնչացնելը: Ոմանք սա կապում են մարտի 1-ի հետ: Ասում են` ջինը բաց թողեցին շշի միջից, մարդիկ հաշտվեցին անմեղ մարդկանց մահվան հետ, մտածեցին, որ եթե իշխանությանը կարելի է սպանել իր դեմ պայքարողներին, ապա ինչո՞ւ չեն կարող իրենք էլ նույն ձեւով հարց լուծել: Մյուսները կարծում են, որ ինչ-որ չարագույժ ժամանակներ են սկսվել Հայաստանում` վաղաժամ մահեր, սպանություններ, հասարակական անհուսություն ու դեպրեսիա: Բայց կան մարդիկ, որոնք այս արյունոտ դեպքերի մեղքը տեսնում են իշխանության, նրա պատժիչ ֆունկցիաները չկատարելու մեջ: Եթե ողջ իրավապահ համակարգը զբաղված է քաղաքական ընդդիմության դեմ գործեր սարքելով, անհեթեթ մեղադրանքները դատարաններում առաջ բրթելով, բնական է, որ հանցագործ աշխարհը ձեռքերին ազատություն կտա եւ անպատիժ կգործի»:

«Գոլոս Արմենիի»-ին «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության տարեդարձի առթիվ կրկին անդրադառնում է շրջանառվող վարկածներին. - «Տարբերակ, որը ժամանակի ընթացքում, շնորհիվ հետեւողական հոգեբանական եւ քարոզչական մշակման, դարձել է համարյա թե միակը զանգվածային գիտակցության մեջ. ահաբեկչությունը նախաձեռնել են Հայաստանի իշխանությունները` ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի: Այդ հիպոթետիկ շահերը ներկայացվեցին այնպիսի ագրեսիվությամբ, որ զոմբիացվող հասարակությունը այդպես էլ չմտածեց միակ հարցի շուրջ` ինչպե՞ս կարող էր պատահել, որ պատվիրատուները, ունենալով անսահմանափակ հնարավորություններ, հակառակ տրամաբանության եւ ընդունված փորձի, թույլ տվեցին, որ քիլերները` նախեւառաջ բոլոր մանրամասներին տեղյակ Հունանյան եղբայրները, Ազգային ժողովը ողջ-առողջ լքեն: Ավելին` նախագահ Քոչարյանն էլ այդ պահին հանդես եկավ որպես նրանց անվտանգության երաշխավոր եւ ապահովեց այն»:

Նույն առիթով «Տարեգիր»-ը խմբագրականում գրում է. - «Հոկտեմբերի 27-ի սահմռկեցուցիչ ահաբեկչության հերթական տարելիցը «նշանավորվեց» ահաբեկչական մի քանի թարմ դրսեւորումներով: Սպիտակում սպանվեց 4 անձ, հինգերորդը ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում: Ստեփանավանում դանակահարվեց քաղաքապետը, որի կրակոցներից վիրավորվեցին 3 հոգի: Կոմիտաս փողոցում ցերեկով հնչած կրակոցներից զոհվեց մեկ հոգի, եւս մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Երեւանում եւ Չարենցավանում էլ իշխանությունները բառիս բուն իմաստով գրոհեցին «Բջնի» «ընդդիմադիր» ջրի, պահեստների եւ արտադրական ողջ ունեցվածքի վրա: Թվարկածները հանրապետությունում մոլեգնող ահաբեկչության ամենացայտուն դրսեւորումներն են, որոնք աչքի ընկան նման երեւույթներին բնորոշ ցինիզմով»:

«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանում է. - «Ընդամենը երկու օրվա ընթացքում Հայաստանում մեկը մյուսին հաջորդող երեք աղմկահարույց ռազբորկաներ տեղի ունեցան: Մեկը` Սպիտակում, մյուսը` Ստեփանավանում եւ երրորդը` Երեւանում: Այս ամենը ընդամենը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը քրեական պետություն է: Աշխարհի ցանկացած երկրում էլ նման աղմկահարույց սպանություններ լինում են: Պարզապես մյուս երկրներում ոստիկանությունը փորձում է պայքարել դրա դեմ: Իսկ Հայաստանի ոստիկանության առջեւ պարզապես այդպիսի խնդիր դրված չէ: Այսինքն` Հայաստանում ոստիկանություն` որպես այդպիսին, գոյություն չունի: Հայաստանում ոստիկանությունը ոչ թե պայքարում է հանցավոր կառույցների դեմ, այլ այդ կառույցներից հանձնարարություններ է ստանում: Եթե լավ է կատարում հանձնարարությունը, նաեւ մեդալներով է պարգեւատրվում եւ այլն»:

«Հայոց Աշխարհ»-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առթիվ հարցազրույց է տվել Գալուստ Սահակյանը. - «Այլոց թվում է, որ եթե որեւէ կերպ մասնակցում ենք ընտրություններին, ապա ամեն ինչ պետք է անենք, որ մեր թեկնածուն կամ աջակիցը հաջողության հասնի։ Մինչդեռ հավատացած ենք, որ կուսակցության պաշտպանությունն ու պատասխանատվությունը պետք է դրսեւորվի թեկնածուի ընտրվելուց հետո։ Երբ Հանրապետականը պաշտպանում է որեւէ թեկնածուի, եթե նա անգամ անկուսակցական է, ապա ստանձնում է նաեւ նրա հետագա գործունեության պատասխանատվությունը»։

Իսկ «ժամանակ Երեւան»-ին հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներից Դավիթ Շահնազարյանը. - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահության դերը զգալիորեն նվազել է, եւ ակնհայտ է, որ հատկապես Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները առանձին-առանձին են հանդես գալիս: Ռուսաստանի Դաշնության դերը այս հարցում հիմա փոքր է: Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան ընդամենը փորձ էր գոնե ֆորմալ առումով ընդգծել Ռուսաստանի ներկայությունը կարգավորման գործընթացում: Ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները դերը այսօր կարգավորման գործընթացում շատ ավելի մեծ է: Եվ գուցե ինչ-որ առումով ԱՄՆ-ը թերագնահատում է իր հնարավորությունները: Մինչդեռ Ռուսաստանը, ընդհակառակը, գերագնահատում է իր հնարավորությունները: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ մի ուշագրավ փաստ էլ նշեմ. պաշտոնական Մոսկվան հստակ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը ուղղակիորեն կապված են միմյանց: Այսինքն` Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարությունների հիմքում պաշտոնական Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումներն են ընկած»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երեկ փորձել է հերքել, թե իր գործողությունների արդյունքում «Բջնի» հանքային ջրերի գործարանը դադարեցրել է իր գործունեությունը: «ԴԱՀԿ ծառայությանը անհայտ են հանգամանքները, որոնց հետեւանքում ընկերության գործունեությունը դարձել է անհնարին», - ասում են ԴԱՀԿ-ից: Սակայն միեւնույն հաղորդագրությամբ ԴԱՀԿ-ն խոստովանում է, որ արդեն հոկտեմբերի 23-ին ԴԱՀԿ են բերվել «Բջնի»-ին պատկանող տրանսպորտային բոլոր միջոցները, կնքվել է գործարանի պահեստը: Թե այս դեպքում ինչպես պետք է աշխատի գործարանը, հայտնի չէ: Ի դեպ, համառ լուրեր են շրջում այն մասին, որ «Բջնի»-ի օրեցօր ընդլայնվող շուկան շատ է հետաքրքրել Սերժ Սարգսյանի հարազատներին: Վերջիններս, ըստ այդ լուրերի, փորձելու են դատարանի ակնհայտ ապօրինի վճռով ավելի քան 13 միլիոն դոլար տուգանված «Բջնին» իրենցով անել»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG