Մատչելիության հղումներ

Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու դեմ ոտնձգությունների հերթական փուլն է սկսվել


Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ահազանգում է, որ Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ իրավիճակը կրկին թեժացել է: Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր Տարիել Սիկինչելաշվիլիի նախաձեռնությամբ` եկեղեցու շուրջ քարե պատ է կառուցվել, ինչը Վիրահայոց թեմում ընկալում են որպես եկեղեցին յուրացնելու հերթական` որոշիչ փուլի սկիզբ:

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու սպասավոր տեր Նարեկ քահանա Ղուշչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Նորաշենը եւս, թբիլիսյան չորս եկեղեցիների նման, տարիներ առաջ կոնսերվացվել է: Այն գտնվում է Թբիլիսիի կենտրոնում` վրացական Սուրբ Սիոն եկեղեցու եւ վրացական հոգեւոր ճեմարանի դիմաց, եւ երեւի այն յուրացնելու մեծ ցանկություն կա: Իսկ հայր Տարիելը, որի մասին խոսում ենք, այն մարդն է, որը 90-ականների սկզբին անձամբ է քանդել [Նորաշեն] եկեղեցու խորանը»:

Սուրբ Նորաշենը կառուցվել է 15-րդ դարում եւ մինչեւ 1920-ականները եղել է գործող հայկական եկեղեցի: Հետագայում խորհրդային իշխանությունների կողմից փակվել է եւ օգտագործվել որպես գրապահոց: 90-ակաների սկզբից Վիրահայոց թեմը փորձում է վերադարձնել եկեղեցին տնօրինելու իրավունքը, բայց` ապարդյուն:

Ինչպես Թբիլիսիի քաղաքապետարանը, այնպես էլ Վրացական պատրիարքարանը հայտարարում են, թե Նորաշենի շուրջ պարսպի շինարարությունն անօրինական է, սակայն որեւէ մեկը չի ստիպել Տարիել Սիկինչելաշվիլիին քանդել այն:

«Մեր հավատացյալները բորբոքված են եւ մտածում են ինչ անել: Եթե գնանք ուժային մեթոդների, ապա կարող են խնդիրներ ծագել երկու ազգերի միջեւ: Բայց երբ դիմում ես տարբեր ատյանների, այդ թվում ղեկավարությանը, սկզբում ստանում ես պատասխան` «այո, այդ պարիսպը անօրինական է կառուցվել, կքանդենք», սակայն հետագայում շինարարությունը շարունակվում է», - նշում է Վիրահայոց թեմի սպասավորը:

Թեմի տարածած հայտարարության մեջ նշված է նաեւ, որ վրացական կողմին հետաքրքրում է ոչ այնքան Սուրբ Նորաշեն եկեղեցու յուրացումը, որքան նման մեթոդներով «թբիլիսաբնակ հայությանը հոգեբարոյական ճնշումների ենթարկելը»:

«Պատերազմից հետո երկրում կրկին սրվել են հակահայկական տրամադրությունները, ինչը Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո չէր նկատվում: Գամսախուրդիայի իշխանության տարիներին ձեռք բերած ֆոբիաներից հայերը աստիճանաբար ազատվում էին: Այն ժամանակ հայերը տեսան, թե ինչպես են գրավում հայկական եկեղեցիները, ինչպես են քանդվում խորաններն ու մկրտության ավազանները` վերածվելով վրացականի: Սրա հետեւանքով այն ժամանակ վիրահայերի մի զգալի մասը լքեց Վրաստանը: Մենք համարում ենք, որ Նորաշենի կորուստը եւս մի ծանր հարված կլինի հայության համար», - նշեց հայր Նարեկը:

Վիրահայոց թեմը զգուշացնում է, որ իրադարձություների նման զարգացումը կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետեւանքների, որոնց համար ողջ պատասխանատվությունը կընկնի վրացական կառավարության եւ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի վրա»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG