Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Ղարաբաղյան գործընթացը սրընթաց կերպով գնում է հանգուցալուծման»


Առայժմ վաղ է ասել, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` քաղաքական ակտիվությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի դիրքերի ուժեղացման վրա: Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Ըստ մեր վերլուծությունների` գործընթացը սրընթաց կերպով գնում է հանգուցալուծման ճանապարհով: Դա երբեք չի նշանակում, որ հարյուր տոկոսով հենց այդպես էլ կլինի», - պարզաբանեց Զուրաբյանը` անդրադառնալով քաղաքական եւ քաղաքագիտական որոշ շրջանակներում տարածված այն կարծիքներին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած երկու-երեք ամիս ժամկետը իրատեսական չէ, քանի որ չկան հարցի կարգավորման համար անհրաժեշտ գործիքներ եւ մեխանիզմներ:

«Մենք ունենք մեր կոնտակտները, մենք ունենք մեր դիվանագիտական շփումները, մենք ունենք շատ բազմազան, հուսալի ինֆորմացիա, որը բաց չէ: Այսինքն, մեր վերլուծությունները ինչ-որ առումով նաեւ հիմնված են այդ ինֆորմացիայի վրա», - նշեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա, եւ որ այդ սկզբունքները պարունակող փաստաթուղթը յուրաքանչյուր ոք կարող է կարդալ ինտերնետում:

Ըստ Զուրաբյանի, Հայաստանի նախագահի այս հայտարարությունը հայտնություն էր Հայ ազգային կոնգրեսի համար. - «Ընդհանրապես, վերջին հրապարակված փաստաթուղթը 1999 թվականի` ընդհանուր պետության մասին առաջարկն է: Դրանից հետո բոլոր փաստաթղթերը պահվել են գաղտնի: Եթե դա իսկապես հրապարակված է` մենք ստանում ենք շատ լուրջ հիմք քննարկումների համար, որովհետեւ մենք կկարողանանք այդ փաստաթուղթը կարդալ եւ շատ լուրջ վերլուծել: Եթե չէ` ստացվում է, որ երկրի ղեկավարը շատ անլուրջ հայտարարություն է արել, որը չի համապատասխանում իրականությանը»:

Անցած տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ, որոնք հետագայում ստացան «մադրիդյան սկզբունքներ» անվանումը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG