Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության վիճակը գնահատում են լրագրողները եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները


Մամուլի ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանում նախորդ տարվա համեմատ ավելի վատ է: Այս կարծիքին է Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

«Հայաստանում 2008 թվականին նահանջն ակնհայտ է, եւ դա, ամենից առաջ, պայմանավորված է մարտյան գրաքննությամբ` աննախադեպ մի բան, որ չէր եղել 15 տարի: Այդ գրաքննության հետեւանքները մենք զգում ենք մինչեւ այսօր, ընդհուպ մինչեւ, ասենք, ոչ հաճո ֆիլմերի ցուցադրման արգելումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մեսրոպ Հարությունյանը: - «Այնուհետեւ` վախվորածություն էլեկտրոնային լրատվամիջոցներում` քաղաքական ինֆորմացիա տարածելիս, եւ նրանց գործունեությունը ընտրությունների ժամանակ, որը դարձյալ որեւէ գնահատականի չի կարող արժանանալ»:

Ըստ Մեսրոպ Հարությունյանի` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2008 թվականի ցուցիչում Հայաստանի անբարենպաստ դիրքը պայմանավորված է նաեւ հետեւյալ փաստերով. - «Պետական ապարատի աննախադեպ արշավը Գյումրիում գործող ԳԱԼԱ փոքր հեռուստաընկերության դեմ, օգոստոսյան հարձակումները լրագրողների նկատմամբ` 3-4 այդ դեպքերը, վերջապես` այն ցինիզմը, որով կառավարությունը արհամարհում է լրատվամիջոցների քննադատությունը ու դրա փոխարեն անհեթեթ պատճառաբանությամբ մի օրինագիծ է անցկացնում, որով, ըստ էության, զրկում է «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին եւս երկու տարի եթեր վերադառնալու հնարավորությունից»:

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը գտնում է, որ Հայաստանում մամուլի ազատության վիճակը տարածաշրջանում այլ երկրներից վատ չէ: Թերթի խմբագիրը միանշանակ համաձայն չէ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած տվյալներին. - «Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում խոսքի ազատության առումով մի հոյակապ վիճակ է, այլ ինձ համար շատ բաներ անհասկանալի են: Օրինակ, նույն կազմակերպությունը եթե անցած տարի Հայաստանին հատկացնում է 77-րդ տեղը եւ այս տարի արձանագրում է նման կտրուկ նահանջ, ապա ես փորձում եմ հասկանալ` ինչի՞ շնորհիվ: Այսինքն, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում ի՞նչ է եղել»:

Մամուլի ազատության վիճակի վատթարացումը Հայաստանում եւ Վրաստանում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնավորում է, մասնավորապես, երկու երկրներում արտակարգ իրավիճակ սահմանելու փաստով: Գագիկ Մկրտչյանն անհասկանալի է համարում նման հիմնավորումը. - «Ցանկացած երկրում նման դեպքերում սահմանափակումներ մտցվում են: Օրինակ կարող եմ բերել Միացյալ Նահանգները, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ինչ խիստ սահմանափակումներ մտցրեցին»:

«Ընդհանրապես, նման կազմակերպությունների գնահատականները ունեն, այսպես կոչված, քաղաքական ենթատեքստ», - հայտարարեց «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը` շեշտելով. - «Դա իմ կարծիքն է, իմ անձնական կարծիքն է` դրանք օբյեկտիվ հիմքերի վրա կառուցված չեն»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Հայաստանում մամուլի ազատության մակարդակը բացասական գնահատեց: Ինչ վերաբերում է նահանջին, ապա այն, ինչպես ենթադրում է «Առավոտ»-ի խմբագիրը, «կապված է նախագահական ընտրությունները հեռուստաընկերությունների կողմից լուսաբանելու հետ, ինչպես նաեւ մարտի 1-20-ը բոլոր ոչ իշխանական տպագիր լրատվամիջոցները փաստացի փակելու հետ»:

«Տվյալ հասարակական կազմակերպության գնահատականը, ինձ թվում է, միանգամայն իրատեսական է եւ օբյեկտիվ», - ընդգծեց Արամ Աբրահամյանը:

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իր հերթին, ասաց. - «Որ Հայաստանում այս տարի իրավիճակը վատացել է` ընտրարշավի պատճառով, մարտի 1-ից հետո` ես համաձայն եմ: Ուրիշ հարց, որ ես կասեի, որ տարվա առաջին կեսը վատ է եղել, հիմա մի քիչ կարող էի եւ պոզիտիվ դինամիկան տեսնել, բայց եթե գնահատվում է ամբողջ տարին, պարզ է, որ դա իրականությանը համապատասխանում է»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG